Նեթանյահուն հանդիպել է Ուիտկոֆին և Քուշներին. քննարկել են Իրանի հետ բանակցությունները

Իսրայելի վարչապետն այսօր հանդիպում կունենա ԱՄՆ նախագահի հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի – Sputnik. Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հանդիպել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆի և ԱՄՆ առաջնորդի փեսայի՝ Ջարեդ Քուշների հետ, նրանք քննարկել են Իրանի հետ բանակցությունները: Տեղեկությունը հայտնել է Իսրայելի վարչապետի գրասենյակը։
«Վարչապետ Բենիամին Նեթանյահուն հանդիպել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացներ Սթիվ Ուիտկոֆի և Ջարեդ Քուշների հետ։ Վարչապետը և բանագնացները քննարկել են տարածաշրջանային հարցեր և տեղեկություններ ներկայացրել անցյալ ուրբաթ Իրանի հետ կայացած բանակցությունների առաջին փուլի վերաբերյալ», – ասվում է X սոցցանցում հրապարակված հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ ԱՄՆ վարչակազմի մամուլի քարտուղար Կարոլին Լևիտը հայտնել էր, որ Թրամփը փետրվարի 11-ին Սպիտակ տանը երկկողմ հանդիպում կանցկացնի Նեթանյահուի հետ։
Հիշեցնենք` ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունները փետրվարի 6-ին Մասկատում (Օման) բանակցություններ անցկացրին Իրանի միջուկային ծրագրի շուրջ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ բանակցությունները լավ ընթացք են ունեցել և կշարունակվեն։ Փետրվարի 8-ին Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին ընդգծեց, որ Իրանը պնդում է ուրանը հարստացնելու իր իրավունքը, նույնիսկ եթե դա պատերազմի հանգեցնի։