Մեր հարաբերությունները ռազմավարական են․ Փաշինյանը շնորհավորել է Իրանի առաջնորդներին

Նիկոլ Փաշինյանը հույս ունի, որ Իրանի հետ ձևավորված հարաբերությունները կնպաստեն տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ու կայունության ամրապնդմանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Իրանի Իսլամական Հանրապետության հետ հարաբերություններն անվանել է ռազմավարական և ընդգծել՝ բարձր է գնահատում դրանց շարունակական զարգացումն ու խորացումը: Այս մասին Փաշինյանն ասել է Իրանի հոգևոր առաջնորդ Սեյեդ Ալի Խամենեիին և նախագահ Մասուդ Փեզեշքիանին՝ Իսլամական հեղափոխության հաղթանակի 47-րդ տարեդարձի առթիվ հղած շնորհավորական ուղերձում։
Հոգևոր առաջնորդի ուղերձում Փաշինյանը համոզմունք է հայտնել, որ վերջինի աջակցությամբ երկու երկիրն էլ կխորացնեն բազմոլորտ փոխգործակցությունը։
«Համոզված եմ, որ այդպիսով կյանքի կկոչվեն ռազմավարական նշանակություն ունեցող նոր նախաձեռնություններ։ Դրանք կնպաստեն նաև տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ու կայունության ամրապնդմանը», - ասված է Խամենեիին հղված ուղերձում։
Փաշինյանը հույս է հայտնել, որ 2 երկրի միջև ձևավորված բարեկամական կապերն էլ ավելի կամրապնդվեն՝ ի բարօրություն Հայաստանի և Իրանի ժողովուրդների:
Իրանի նախագահին հղված ուղերձում էլ Փաշինյանը շեշտել է, որ Հայաստանի և Իրանի միջև բարեկամական հարաբերությունները խարսխված են փոխադարձ հարգանքի, անկեղծության և փոխվստահության վրա:
«Ջերմությամբ եմ հիշում նախորդ տարի Երևան կատարած Ձեր այցը, որի ընթացքում քննարկեցինք Հայաստան-Իրան բազմոլորտ օրակարգը և տարածաշրջանային զարգացումները։ Վերստին ընդգծեցինք մեր երկրների հարաբերությունները ռազմավարական գործընկերության մակարդակի բարձրացնելու հանձնառությունը»,- նշել է Փաշինյանը:
Նա Իրանի նախագահին և հոգևոր առաջնորդին հաջողություն և քաջառողջություն, իսկ Իրանի բարեկամ ժողովրդին՝ հարատև խաղաղություն և բարեկեցություն է մաղթել։