ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի – Sputnik. Հնարավոր է` Ուկրաինան պատվիրակություն ուղարկի Մոսկվա՝ կարգավորման շուրջ բանակցությունների նպատակով, Կիևը դիտարկում է նման հնարավորությունը։ Այս մասին գրում է «Times of Ukraine»–ը` հղում անելով իր աղբյուրներին:
Ըստ լրատվամիջոցի` իրադարձությունների զարգացման այս տարբերակը հնչել է Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաք Աբու Դաբիում կայացած վերջին հանդիպման ժամանակ:
Միաժամանակ նշվում է, որ պատվիրակության անվտանգության երաշխավոր պետք է հանդես գան ամերիկացի բանակցողները՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիտկոֆը և Թրամփի փեսա Ջարեդ Քուշները: Հնարավոր է` նրանք ուկրաինացի գործընկերների հետ Վարշավայից մեկնեն Ռուսաստան:
Հիշեցնենք` փետրվարի 4-5-ը Աբու Դաբիում կայացել էր Ուկրաինայի հարցով բանակցությունների երկրորդ փուլը՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի պատվիրակությունների մասնակցությամբ եռակողմ խմբի շրջանակում։ Առաջին փուլն անցկացվել էր հունվարի 23-24-ին Աբու Դաբիում։ Երկու հանդիպումն էլ փակ է եղել՝ առանց լրատվամիջոցների ներկայացուցիչների։