ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի - Sputnik. «Հյուսիս-հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի շրջանակներում Հյուսիսային Օսիայում նախատեսվում է կառուցել խոշոր տրանսպորտային-լոգիստիկ հանգույց։ Այս մասին Կրեմլում հայտարարվել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հյուսիսային Օսիա-Ալանիա հանրապետության ղեկավար Սերգեյ Մենյայլոյի աշխատանքային հանդիպման ժամանակ։
Նշվում է, որ Մենյայլոն Պուտինին զեկուցել է խոշորագույն նախագծերի մասին։ Այսպես, տարածաշրջանում կառուցվում է «Հյուսիս-հարավ» տրանսպորտային միջանցքի առաջին «չոր նավահանգիստ»-լոգիստիկ հանգույցը։ Այն կունենա 90 մլն միավոր ապրանքի պահեստավորում և մաքսազերծման կետ։ Ձեռնարկությունում կարող է աշխատել 8,5 հազար մարդ։
Խոշոր լոգիստիկ հանգույցի շինարարությունը նախատեսվում է սկսել ընթացիկ տարում և ավարտել մինչև 2029 թվականի հուլիս ամիսը: Հանրապետությունում վստահ են, որ 180 բեռնատար դարպասներով համալիրը կամրապնդի տարածաշրջանի լոգիստիկ դիրքերը։