ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի – Sputnik. 86 կողմ, 0 դեմ, 5 ձեռնպահ ձայներով 2–րդ ընթերցմամբ և ամբողջությամբ Ազգային ժողովն այսօր ընդունեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի նախագիծը, ըստ որի` 27 տարին լրացած ու պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիները կկարողանան վճարել ու ազատվել քրեական պատասխանատվությունից։
«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքի փոփոխություններով` 27 տարին լրացած ու պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիները հնարավորություն կունենան վերադառնալ հայրենիք, գումար վճարել ու կատարել ՀՀ առջև ունեցած իրենց պարտքը։
Ըստ նոր փոփոխությունների՝ եթե 27 տարին լրացած անձը ծառայում է
12 ամիս- վճարում է 2.5 մլն դրամ,
6 ամիս- վճարում է 5 մլն դրամ
1 ամիս- վճարում է 8 մլն դրամ
Եթե չի ծառայում, ապա վճարում է 15 մլն դրամ։
Ինչպես առաջին ընթերցման ժամանակ, այնպես էլ այսօր «Հայաստան» խմբակցությունը կողմ քվեարկեց, իսկ «Պատիվ ունեմը»` ձեռնպահ, թեև Սարգսյանը նախորդ անգամ հույս էր հայտնել, որ 2–րդ ընթերցման ժամանակ նրանց որոշումը կփոխվի։
Հիշեցնենք` 2024 թվականին ընդունված օրենքում, որի հեղինակը նույնպես Սարգսյանն էր, նշված է, որ այն վերաբերում է օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ 27 տարին լրացած անձանց։ Ըստ նոր ընդունված նախագծի` օրենքը կվերաբերի 27 տարին լրացած բոլոր անձանց։