ՌԴ–ին ուղղված մեղադրանքները հակասում են առողջ բանականությանը. Գյումրիում գլխավոր հյուպատոս

Հայաստանում ՌԴ դիվանագետներն իրենց մասնագիտական ​​տոնը հանդիսավոր հանրահավաքով են նշել Պուշկինի լեռնանցքում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի – Sputnik. Որոշ քաղաքական գործիչների կողմից ագրեսիվ ծրագրերի և Եվրոպայի վրա հարձակվելու մտադրության վերաբերյալ ՌԴ–ի հասցեին հնչող մեղադրանքները հակասում են համաշխարհային պատմության դասերին և առողջ բանականությանը։ Պուշկինի լեռնանցքում տոնական հավաքի ժամանակ այս մասին հայտարարել է Գյումրիում ՌԴ գլխավոր հյուպատոս Իգոր Տիտովը։
Տիտովը հիշել է նշանավոր ռուսաստանցի դիվանագետ Կառլ Նեսելրոդեին, որը 1852 թվականին ի պատասխան սպառնալիքների և ճնշման միջոցով հարևան պետության հետ առևտրային հարաբերություններ հաստատելու վերաբերյալ այն ժամանակվա զորահրամանատարներից մեկի առաջարկի գրել է. «Մենք պետք է զերծ մնանք ցանկացած անբարեհաճ գործողությունից՝ ձգտելով հասնել բաղձալի միասնության բանակցությունների և խաղաղ ճանապարհով։ Հարևան երկրին մեր պահանջներին համաձայնելու համար առաջարկվող մեթոդը չի համապատասխանում մեր խաղաղ նպատակներին»։
Դիվանագետի օրվան նվիրված միջոցառում Պուշկինի լեռնանցքում
Գլխավոր հյուպատոսի խոսքով՝ հենց նման պատմական հիմքի վրա է կառուցվել և շարունակում կանգուն մնալ ռուսական դիվանագիտությունը։ Եվ այս մոտեցումով են միշտ առանձնացել Ռուսաստանի արտաքին քաղաքականության հիմնարար սկզբունքները։
«Մեր մասնագիտական ​​տոնի առթիվ մենք, նախևառաջ, հարգանքի տուրք ենք մատուցում մեր նախորդներին, որոնք հիմք դրեցին մեր արտաքին քաղաքականության ավանդույթներին, մեր հերոս գործընկերներին, որոնք զոհվեցին հայրենիքը պաշտպանելիս և իրենց ծառայողական պարտականությունները կատարելիս, ինչպես նաև բոլոր դիվանագետներին, որոնք ազնվորեն և նվիրվածությամբ կատարել և շարունակում են կատարել իրենց ծառայողական պարտականությունները», – նշել է Տիտովը։
Հավաքը նվիրված էր Դիվանագետի օրվան։ Վայրը պատահաբար չի ընտրվել։ Հենց այստեղ՝ Հայաստանի հյուսիսային Լոռու մարզում, ռուս մեծ բանաստեղծ Ալեքսանդր Պուշկինը դիմավորեց մեկ այլ մեծ ռուս գրող և դրամատուրգի՝ դիվանագետ Ալեքսանդր Գրիբոյեդովի աճյունը, որին սպանել էր կատաղի ամբոխը Թեհրանում։ Ավանդաբար, ամեն տարի այստեղ հիշատակի միջոցառումներ են անցկացվում։ Դրանց մասնակցում են դիվանագետներ, Ռուսական տան ղեկավարությունը, քաղաքային և մարզային իշխանությունների ներկայացուցիչներ և ՌԴ հայրենակիցներ։
Տիտովը նշել է, որ Գրիբոյեդովն իրավամբ համարվում է հայ ժողովրդի բարեկամը. նա անկեղծորեն կարեկցել է հայերի ճակատագրին, և, որպես դիվանագետ, հետևողականորեն պաշտպանել է հայ ազգի իրավունքները 19-րդ դարի սկզբի ռուս-պարսկական հարաբերությունների դժվարին շրջանում։
Դիվանագետի օրվան նվիրված միջոցառում Պուշկինի լեռնանցքում
Թուրքմենչայի պայմանագրի ստորագրումից հետո նա ակտիվորեն զբաղվել է հայերի պաշտպանության և վերաբնակեցման հարցերում՝ չընկրկելով ճնշումների առջև։ Գրիբոյեդովի մահը Թեհրանում մեծապես պայմանավորված էր նրա անսասան դիրքորոշմամբ և հայերի պաշտպանությանը կանգնելու պատրաստակամությամբ, նույնիսկ այն դեպքում, երբ նրա արարքների անսասանությունը նրան ատելության և բռնության թիրախ էր դարձնում։ Նրա ողբերգական մահը հիշեցում է այն մասին, թե ինչ գնով է հաճախ տրվում հայրենիքին ծառայելը դիվանագիտական ​աշխատողին։