Փաշինյանն ու Վենսը հանդիպման ժամանակ քննարկել են Բաքվում գտնվող հայ գերիների հարցը

Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետն ընդգծել է, թե վերաբերելի բոլոր ձևաչափերում բարձրացվում է հայ գերիների հարցը, ըստ նրա՝ հետևողական են լինելու խնդրի լուծմանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի – Sputnik․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հետ հանդիպման ժամանակ քննարկել է Բաքվում գտնվող հայ գերիների հարցը։
«Ես խնդրում եմ՝ այդ հարցի շուրջ հնարավորինս քիչ մանրամասներ ինձնից ակնկալեք, բայց հարցը եղել է օրակարգում և հարցը քննարկվել է օրակարգում»,- Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասաց ՀՀ վարչապետը։
Նա հավելեց, որ առանց չափազանցության՝ հարցին առնչվող ուղիղ կամ անուղղակի այնպիսի բանակցություն չկա, որի ժամանակ մեր հայրենակիցների հարցը չբարձրացվի։
«Բոլոր վերաբերելի ձևաչափերում մենք այդ հարցը պարբերաբար բարձրացրել ենք, բարձրացնում ենք և հետևողական կլինենք հարցի լուծմանը»,- հայտարարեց Փաշինյանը։
Իսկ թե ուր են խաղաղությունը, եղբայրությունն ու մարդկությունը, երբ Բաքվում ցմահ ազատազրկման են դատապարտում մեր հայրենակիցներին․ այս հարցին ի պատասխան Փաշինյանը նշեց, թե դատավճիռներն իր համար անձնապես, մարդկայնորեն և քաղաքական առումով ցավալի ու ծանր են։ Նրա խոսքով՝ մյուս կողմից մենք պետք է հասկանանք, որ կոնֆլիկտն ունի իներցիա, և այն հնարավոր չէ մեկ լծակի գործադրմամբ կանգնեցնել։ Վստահ է, որ հարցի լուծման ճանապարհը խաղաղությունն է, իսկ կոնֆլիկտի միջավայրում խնդիրն անլուծելի է։
Նա հիշեցրեց, որ վերջերս Հայաստան 4 գերիներ են վերադարձվել, նրա խոսքով՝ Վագիֆ Խաչատրյանի վերադարձը միանշանակ չէր լինի, եթե չլիներ խաղաղության բարելավվող միջավայրը։
«Նա չէր վերադառնա Հայաստան հիմա և չէր վերադառնա տեսանելի ապագայում։ Եթե խաղաղությունը չզարգանա, չինստիտուցիոնալացվի, հարցի լուծումը բացառվում է․․․ Դուք տեղյակ եք, որ Վագիֆ Խաչատրյանի առողջական վիճակի հետ կապված խնդիրներ կային, մեզ համար էմոցիոնալ առումով շատ դժվար էր ռեակցիա չտալ, հայտարարություններ չանել, տարբեր միջազգային ատյաններ չդիմել և այլն, բայց եթե մենք գնայինք այդ ճանապարհով, ես երաշխավորում եմ, որ Վագիֆ Խաչատրյանը չէր վերադառնա»,- նշեց Փաշինյանը։
Հիշեցնենք` անհետաձգելի բուժօգնություն ստանալու համար Արցախից Հայաստան տեղափոխվող Վագիֆ Խաչատրյանին Ադրբեջանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչները առևանգեցին 2023թ–ի հուլիսի 29–ին։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նրան մեղադրանք է ներկայացվել, ըստ որի` Վագիֆ Խաչատրյանն իբր հանցավոր խումբ է ստեղծել, որը 1991թ. դեկտեմբերի 21-ին մասնակցել է Խոջալուի շրջանի Մեշալի գյուղի բնակիչների դեմ հանցագործությունների։ Բաքվի դատարանը 2023 թվականի նոյեմբերին նրան դատապարտեց 15 տարվա ազատազրկման։
2025 թվականի հունվարի 14–ին հայտնի դարձավ, որ Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել 4 գերի, այդ թվում` Վագիֆ Խաչատրյանին:
Իսկ Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը» սկսվել էր 2025 թվականի հունվարին։
Փետրվարի 5–ին Բաքուն հրապարակել է դատավճիռները` ցմահ ազատազրկման են դատապարտվել Արցախի Հանրապետության նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը և ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը։ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը դատապարտվել են 20 տարվա ազատազրկման։ Քաղաքացիական գերիներ Մադաթ Բաբայանը և Մելքիսեթ Փաշայանը դատապարտվել են 19 տարվա ազատազրկման, Գարիկ Մարտիրոսյանը՝ 18, Դավիթ Ալահվերդյանը և Լևոն Բալայանը՝ 16, Էրիկ Ղազարյանը, Գուրգեն Ստեփանյանը, Վասիլ Բեգլարյանը՝ 15 տարվա ազատազրկման։
Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի «գործը» քննվում է առանձնացված վարույթով։ 2025-ի դեկտեմբերի 18-ին դատախազը նրա նկատմամբ ևս ցմահ ազատազրկում է պահանջել։