ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի – Sputnik․ Հայաստանը ներկայացնող լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանի համար օլիմպիական լավագույն 30-յակում ընդգրկվելը մեծ հաջողություն կլինի։ Առաջին անգամ օլիմպիական խաղերին մասնակցող մարզիկն այս մասին ասաց Բորմիոյում Sputnik Արմենիայի stringer-ի հետ զրույցում։
Նա փետրվարի 14-ին կմասնակցի հսկա ոլորավայրէջք, իսկ փետրվարի 16-ին՝ ոլորավայրէջք մրցաձևերին:
«Ինձ լավ մարզավիճակում եմ զգում և փորձելու եմ հնարավորինս լավ ներկայացնել Հայաստանն օլիմպիական խաղերում։ Լավագույն արդյունքն ինձ համար կլինի, որ «թոփ 30»-ում լինեմ»,- նշեց Հարությունը։
Հիշեցնենք` ձմեռային օլիմպիական խաղերը Իտալիայում մեկնարկել են փետրվարի 6-ին:
Հայաստանն օլիմպիական խաղերում 5 ներկայացուցիչ ունի` դահուկորդներ Միքայել Միքայելյանը և Կատյա Գալստյանը, լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանը, գեղասահորդներ Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը: