Իրանն ԱՄՆ–ի հետ միջուկային հարցով բանակցելու ձևաչափը փոխելու մտադրություն չունի. ԱԳՆ

ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունները բանակցություններ են անցկացրել փետրվարի 6-ին Մուսկատում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի – Sputnik. Իրանն ԱՄՆ-ի հետ միջուկային հարցով բանակցությունների ձևաչափը փոխելու մտադրություն առայժմ չունի։ Այս հայտարարությունն արել է Իրանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային։
«Մենք առայժմ չենք ծրագրում փոխել (ԱՄՆ-ի հետ միջուկային հարցերի շուրջ. խմբ.) բանակցությունների ձևաչափը և դերերը», – ասել է Բաղային։
Նա նշել է, որ հետագա բանակցությունները կանցկացվեն նույն ձևաչափով։
«Իհարկե, եթե համաձայնություն լինի հաջորդ փուլերի ժամանակի և վայրի վերաբերյալ», – հավելել է դիվանագետը։
ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունները փետրվարի 6-ին Մուսկատում բանակցություններ են անցկացրել Իրանի միջուկային ծրագրի թեմայով։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ բանակցությունները լավ են անցել և կշարունակվեն այս շաբաթ։ Թեմային ծանոթ իրանական աղբյուրը երեկ հայտնել է, որ բանակցությունները դրական են անցել՝ հաշվի առնելով Իրանի և ԱՄՆ-ի միջև անվստահության բարձր մակարդակը։