ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի – Sputnik. ԱՄՆ–ն Հայաստանին ներդրումներ չի խոստացել, խոսքը զուտ տեխնոլոգիաների արտահանման մասին է: Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց ամերիկագետ, քաղաքագետ Սուրեն Սարգսյանը՝ անդրադառնալով ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հայտարարությանը։
Փետրվարի 9-ին Երևանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ Վենսը հայտարարեց, թե ԱՄՆ–ն ու Հայաստանը ավարտել են քաղաքացիական միջուկային համագործակցության համաձայնագրի շուրջ բանակցությունները, և երբ այն ամբողջությամբ հաստատվի, դա ճանապարհ կհարթի ամերիկյան և հայկական ընկերությունների համար՝ կնքելու քաղաքացիական միջուկային նախագծերի վերաբերյալ համաձայնագրեր։ Ըստ Վենսի` դա նշանակում է մինչև 5 միլիարդ դոլար սկզբնական ամերիկյան արտահանում, գումարած լրացուցիչ 4 միլիարդ դոլարի երկարաժամկետ աջակցություն վառելիքի և սպասարկման պայմանագրերի միջոցով։ ԱՄՆ փոխնախագահի խոսքով` սա նշանակում է փոքր մոդուլային ռեակտորներ, ամերիկյան տեխնոլոգիաները կգան Հայաստան։
Սարգսյանի խոսքով՝ ԱՄՆ–ն փորձում է ներդրումներ ներգրավել իր տնտեսություն, այդ թվում՝ ամերիկյան արտադրության ապրանքների արտահանման միջոցով։
«Ֆիքսենք, որ որևէ ներդրումային խոստում չի տրվել: Ընդհանուր պատկերն այն է, որ ԱՄՆ–ն պատրաստ է ոչ թե ներդրումներ անել Հայաստանում, այլ ամերիկյան տեխնոլոգիաներ վաճառել ։ Խոսքը բացառապես ներդրումների մասին չէ, խոսքը միայն և միմիայն ամերիկյան տեխնոլոգիաների արտահանման մասին է, որոնք արտադրվել են ԱՄՆ-ում»,– ասաց նա
Էներգետիկ թեմայի շրջանակում քաղաքագետն առանձնացրեց փոքր մոդուլային ատոմակայանների հարցը՝ շեշտելով, որ խնդիրն ավելի շատ մասնագիտական հարթության մեջ է։
«Ամերիկացի մասնագետներն ու ֆիզիկոսները դեռևս չունեն վերջնական եզրակացություն, որ այդ մոդուլային կայաններն ավելի արդյունավետ, ավելի անվտանգ կամ ավելի շահավետ են, քան գործող դասական ատոմակայանները։ Դա ամերիկացի մասնագետների կարծիքն է, ոչ թե իմ: Այս հանգամանքը Հայաստանը ևս պետք է լուրջ քննարկման առարկա դարձնի և հաշվի առնի»,– ընդգծեց Սարգսյանը:
Ամերիկագետն անդրադարձավ նաև Վենսի քաղաքական հայտարարություններին, թե Հայաստանում սպասվում են խորհրդարանական ընտրություններ, և խաղաղության գործընթացը պետք է կյանքի կոչվի այդ համատեքստում: Ըստ Սարգսյանի՝ նման ակնարկները խնդրահարույց են։
«Սա ակնհայտ աջակցություն է, բայց կարծում եմ՝ ուղիղ աջակցությունը Միացյալ Նահանգների կողմից Հայաստանի իշխանություններին սխալ երևույթ է: Վերջին տարիներին հենց ԱՄՆ–ն է մշտապես բախվել արտաքին ուժերի՝ իր ընտրական գործընթացներին միջամտելու մեղադրանքներին։ Նման հայտարարությունները կարող են ընկալվել որպես փորձ՝ ազդելու ընտրությունների արդյունքների վրա, ինչը սկզբունքորեն հակասում է այն մոտեցումներին, որոնց մասին ԱՄՆ–ն երկար տարիներ բարձրաձայնում է սեփական ներքին քաղաքական դաշտում»,– ասաց Սարգսյանը։
Ինչ վերաբերում է իշխանության ակնարկներին, թե ԱՄՆ փոխնախագահի մակարդակով առաջին այցը հայ դիվանագետների աշխատանքի արդյունք է, քաղաքագետը շեշտեց, որ դա ոչ թե դեսպանների, այլ ԱՄՆ շահերի արդյունքն է։
«Նման բան գոյություն չունի: Եթե նույնիսկ ԱՄՆ–ում Քիսինջերի նման 10 հատ էլ դեսպաններ լինեին, առանց ամերիկյան շահերի համընկման նման այց պարզապես չէր կայանա։ Փաստն այն է, որ Միացյալ Նահանգների հետաքրքրությունները տարածաշրջանում աճել է, և հենց դա է ակտիվացման հիմնական պատճառը»,– ասաց Սարգսյանը։
Քաղաքագետը նշեց` սկզբնական փուլում քննարկվում էր միայն հայաստանյան այցը, սակայն Թրամփ–Ալիև հանդիպումից հետո է որոշվել Վենսի տարածաշրջանային այցն ընդլայնել նաև դեպի Ադրբեջան։ Սա ևս, Սարգսյանի համոզմամբ, վկայում է, որ այցերը պետք է դիտարկել ավելի լայն տարածաշրջանային տրամաբանության մեջ։ Անդրադառնալով այն տեսակետներին, թե Վենսի այցը կապված է Իրանի նկատմամբ ճնշումների ուժեղացման հետ, Սարգսյանը նշեց, որ Իրանը, բնականաբար, գտնվում է ամերիկյան հետաքրքրությունների կիզակետում, սակայն դա ընդհանուր աշխարհաքաղաքական գործընթացների մի մասն է։
Ինչ վերաբերում է «Թրամփի ուղի» ծրագրին, Սարգսյանը հորդորեց խուսափել չափազանցված ընկալումներից՝ նշելով, որ դա ընդամենը մեծ աշխարհագրական նախագծի մի փոքր կտորն է, այսինքն՝ Հայաստանը տարածաշրջանային նախագծի միայն մի մասն է, և պետք չէ կարծել, թե այդ գործընթացները պտտվում են բացառապես ՀՀ–ի շուրջ։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան:
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 11-ին հայտարարեց, որ ՀՀ–ն ոչ թե 99 տարով հողը վարձակալության է տալիս ամերիկյան կողմին, այլ տալիս է կառուցապատման իրավունք։