ԱՄՆ–ն Հարավային Կովկասում միայն քաղաքական նպատակահարմարությամբ է առաջնորդվում. Դուդչակ

Ալեքսանդր Դուդչակի խոսքով՝ ինչպես ԱՄՆ-ն, այնպես էլ տարածաշրջանի խաղացողները ակտիվ միջամտում են Հարավային Կովկասում կատարվող գլոբալ գործընթացներին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի – Sputnik. Ամերիկացիների գործողություններն ավելի շատ պայմանավորված են քաղաքական (կամ նույնիսկ աշխարհաքաղաքական) նպատակահարմարությամբ, քան տնտեսական շահով։ Մեկնաբանելով Հարավային Կովկասում տիրող իրավիճակը` այս տեսակետը հայտնեց քաղաքագետ, ԱՊՀ երկրների ինստիտուտի առաջատար գիտաշխատող, տնտեսական գիտությունների թեկնածու Ալեքսանդր Դուդչակը Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում Արման Վանեսքեհյանի «Իրականում» նախագծի շրջանակում կայացած տեսակապի ժամանակ։
Փետրվարի 9-ին Երևանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարեց, թե ԱՄՆ–ն ու Հայաստանը ավարտել են քաղաքացիական միջուկային համագործակցության համաձայնագրի շուրջ բանակցությունները, և երբ այն ամբողջությամբ հաստատվի, դա ճանապարհ կհարթի ամերիկյան և հայկական ընկերությունների համար՝ կնքելու քաղաքացիական միջուկային նախագծերի վերաբերյալ համաձայնագրեր։ Ըստ Վենսի` դա նշանակում է մինչև 5 միլիարդ դոլար սկզբնական ամերիկյան արտահանում, գումարած լրացուցիչ 4 միլիարդ դոլարի երկարաժամկետ աջակցություն վառելիքի և սպասարկման պայմանագրերի միջոցով։ ԱՄՆ փոխնախագահի խոսքով` սա նշանակում է փոքր մոդուլային ռեակտորներ, ամերիկյան տեխնոլոգիաները կգան Հայաստան։
Դուդչակի խոսքով` ինչպես ԱՄՆ-ն, այնպես էլ տարածաշրջանային խաղացողները (խոսքը Թուրքիա-Ադրբեջան կապի մասին է) շատ ակտիվ փորձում են միջամտել Հարավային Կովկասում տեղի ունեցող գլոբալ գործընթացներին։
«Կա, օրինակ, Հյուսիս-հարավ հրաշալի նախագիծը, որը զգալի թափ ստացավ հենց այն ժամանակ, երբ Արևմուտքը, ի վնաս տնտեսության և իր ժողովուրդների, պատժամիջոցներ սահմանեց Ռուսաստանի դեմ։ Կառուցվում է տարածաշրջանի երկրների համար բավական շահավետ երթուղի, այնտեղ ավելի քան 240 մլրդ դոլարի նախագծեր կան», - ընդգծեց քաղաքագետը։
Ինչ-որ փուլում գործընթացներին միջամտեց քաղաքական նպատակահարմարությունը, որի արդյունքում քաղաքական գործիչները, այդ թվում՝ Հայաստանի ղեկավարությունը, որոշեցին ստեղծել այդ նախագծին «ուղղահայաց» այլընտրանքային երթուղի՝ TRIPP–ը։
Ըստ փորձագետի` դա նույնպես կնպաստեր տարածաշրջանի զարգացմանը, բայց, ցավոք, այնտեղ, ըստ ամենայնի, դրված է ոչ այնքան տարածաշրջանի զարգացման, որքան տարածաշրջանի վերահսկողության խնդիրը։
«TRIPP նախագիծը կառավարելու է ամերիկյան լիցենզավորված ընկերությունը, որին պատկանելու է բաժնետոմսերի 74%-ը (Հայաստանին ի սկզբանե բաժին է ընկնում ընկերության բաժնետոմսերի 26%-ը։ 49 տարով նախատեսված պայմանագրի երկարաձգման դեպքում Հայաստանի մասնաբաժինը կարող է ավելանալ մինչև 49%, անվտանգությունն էլ ապահովելու է ամերիկյան մասնավոր ռազմական ընկերությունը։ Այսինքն՝ ԱՄՆ-ն կվերահսկի, կորոշի և կստանա ամբողջ տեղեկատվությունն այն մասին, թե ինչ ապրանքներ, ինչպես և որտեղ են դրանք տեղափոխվելու այս ճանապարհով»,- ասաց Դուդչակը։
Փորձագետն օրինակ բերեց այն փաստը, որ այժմ ԱՄՆ–ն Հայաստանի հետ համաձայնության է գալիս էներգետիկ համագործակցության զարգացման վերաբերյալ, որն իրականում, ըստ նրա, բնավ այդպիսին չէ: Ըստ քաղաքագետի՝ իրականում փորձ է արվում դուրս մղել ռուսական «Ռոսատոմ» պետական կորպորացիան, որը կայուն աշխատում է աշխարհի շատ երկրներում, այդ թվում՝ Հայաստանում՝ մատուցելով էլեկտրաէներգիայի մատակարարման որակյալ ծառայություններ մատչելի գներով։
«Այնպես որ իրավիճակը չափազանց բարդ է. ևս մեկ անգամ արձանագրում ենք, որ ամերիկացիների գործողությունները տարածաշրջանում պայմանավորված են ոչ թե տնտեսական շահով, այլ պարզապես քաղաքական նպատակահարմարությամբ», – եզրափակեց Դուդչակը:
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան:
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 11-ին հայտարարեց, որ ՀՀ–ն ոչ թե 99 տարով հողը վարձակալության է տալիս ամերիկյան կողմին, այլ տալիս է կառուցապատման իրավունք։