ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի – Sputnik. Պատմության մեջ առաջին անգամ Հայաստանն ամերիկացիներից ձեռք է բերում «V-BAT» հետախուզական անօդաչուներ։ Ակնհայտ է, որ Երևանն այս գործարքով որակապես նոր մերձեցման է ձգտում ԱՄՆ-ի հետ։ Ռազմական վերլուծաբան Եվգենի Կրուտիկովի կարծիքով՝ այս ԱԹՍ–ներն ինքնին չեն կարող էական ազդեցություն ունենալ հայկական բանակի մարտունակության վրա, քանի որ այս գործարքը բոլորովին այլ նպատակներ ունի, որոնք ավելի շատ քաղաքական են, քան ռազմական։
Փետրվարի 9-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ Հայաստանը ԱՄՆ-ից «V-BAT» անօդաչուներ է գնել։ Երևանում ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հետ բանակցություններից հետո նա հայտարարեց, որ դրանց ձեռքբերումը բազմամյա ռազմական համագործակցության և արդեն 3 տարի անցկացվող «Eagle Partner» զորավարժությունների շարունակությունն է դարձել։
«Հայկական բանակի վերազինումը համալիր հարց է, և որևէ տեսակի անօդաչուի ձեռքբերմամբ կամ նույնիսկ զորքերի նոր տեսակի ստեղծմամբ խնդիրը չի լուծվի։ Սրանք պալիատիվ միջոցներ են և ավելի շատ քաղաքական, քան զուտ ռազմական բնույթ ունեն։ Կարծում եմ՝ դրանք կարելի է կապել Հայաստանի ներկայիս ղեկավարության` Միացյալ Նահանգների հետ նաև ռազմական ոլորտում մերձենալու ցանկության հետ»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Կրուտիկովը։
Նրա խոսքով՝ որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ Թրամփի վարչակազմը մեծ նշանակություն է տալիս արտաքին գործընկերներին զենք վաճառելու հանգամանքին։ ԱՄՆ-ն ակտիվ առաջ է մղում իր սպառազինության տեսակները, և անգամ որևէ մեկ տեսակի անօդաչուի ձեռքբերումը ենթադրում է ռազմատեխնիկական համագործակցության վերաբերյալ հետագա պայմանագրեր՝ սկսած սպասարկումից մինչև գնվող սպառազինության հետագա արդիականացում։ Փորձագետը կարծում է, որ այս ԱԹՍ–ների դեպքում անհրաժեշտ կլինի նաև ռադիոէլեկտրոնային պայքարի հետ կապված տեխնիկական ապահովում, «Starlink»-ով ապահովում։ Ամենայն հավանականությամբ, սարքերը կառավարվելու են ամերիկյան համակարգերով։
Եվգենի Կրուտիկով
© Sputnik / Владимир Трефилов
«Այս ամբողջ շղթան պետք է նաև ինչ-որ կերպ ապահովվի ֆինանսապես։ Առայժմ սրանք ինձ կետային փորձեր են թվում՝ ավելի շատ քաղաքական, քան ռազմավարական մտադրություններ իրականացնելու համար»,- հավելեց մեր զրուցակիցը։
Այս պարագայում բուն ԱԹՍ-ների բնութագրերն արդեն այնքան էլ կարևոր չեն։ Դա կարող է լինել ցանկացած արտադրանք՝ վերոհիշյալ «V-BAT»-ը, «MQ-1 Predator»-ը կամ «MQ-9 Reaper»-ը։ Անօդաչուի շահագործումը մի ամբողջ ինդուստրիա է։
Ռուսաստանի՝ որպես ավանդական ռազմատեխնիկական գործընկերոջ և դաշնակցի համար, Կրուտիկովի խոսքով, դեպի Արևմուտք Հայաստանի արտաքին քաղաքական շեշտադրումը բավականին հանգիստ և ողջամտորեն է ընկալվում։ Մոսկվայի համար ավելի կարևոր է Երևանի քաղաքականության կանխատեսելիությունը, քան անվերջ տատանումները։ Հենց այդ կանխատեսելիության հիման վրա Ռուսաստանը պատրաստ է նոր քաղաքական հարաբերություններ կառուցել, և ամենևին պարտադիր չէ, որ դրանք լարված լինեն։
Ռազմավարությունների և տեխնոլոգիաների վերլուծության կենտրոնի տնօրեն Ռուսլան Պուխովը կարծում է, որ, պատկերավոր ասած, անօդաչուների անվան տակ Հայաստանն ԱՄՆ-ից անվտանգության որոշակի երաշխիքներ է «գնում»։
«Ամերիկյան զենքի գնումը հաճախ կարևոր է ոչ թե որպես զուտ ֆինանսական գործարք, այլ որովհետև զենքի հետ մեկտեղ հաճախորդը վաճառողից մի տեսակ «ծածկոց» է ստանում... Այս դեպքում գործարքի գումարը մեծ չէ, բայց սա միայն սկիզբն է։ Եվ այն, որ Վենսն իր այցը սկսեց Հայաստանից, ոչ թե Ադրբեջանից, ըստ իս, պետք է որպես որոշակի ուղերձ դիտարկել տարածաշրջանի բարդ իրավիճակի համատեքստում»,- ասաց Պուխովը։
Նա նշեց՝ քաղաքական գործիչները գալիս ու գնում են, բայց հայ ժողովուրդը, նրա անվտանգությունն ու բարեկեցությունը Ռուսաստանի համար կարևոր գործոն են։
Ռուսլան Պուխով
© Sputnik / Andranik Ghazaryan
Միաժամանակ արդիական է մնում հարցը, թե արդյոք այս ԱԹՍ-ները կկիրառվեն Ադրբեջանի հետ նոր սրացման դեպքում։ Հայաստանը տարածաշրջանում ԱՄՆ-ի բացառիկ գործընկերը չէ։ Ավելին՝ Վաշինգտոնը Թրամփի վարչակազմի օրոք հատուկ ուշադրություն է դարձնում Բաքվի հետ համագործակցությանը։ Այս տեսանկյունից կարևոր է հասկանալ, թե ամերիկացիներն ինչ վերաբերմունք ունեն այն հեռանկարին, որ իրենց զենքը կարող է կիրառվել Հարավային Կովկասում հնարավոր հակամարտության դեպքում։
Քաղաքագետ, անվտանգության հարցերով հայ փորձագետ Դավիթ Հարությունովն իր հերթին կարծում է, որ ամերիկացիների համար սեփական ռազմարդյունաբերական համալիրի արտադրանքի իրացումն ավելի կարևոր է, քան քաղաքական քաշքշուկները։ Իհարկե, նախկինում ԱՄՆ-ն որոշակի սահմանափակումներ էր կիրառում այս կամ այն երկրին զենքի վաճառքի դեպքում, բայց թե ինչպես կվարվի Սպիտակ տան ներկայիս՝ ընդգծված պրագմատիկ վարչակազմը, դժվար է ասել։
Միաժամանակ Հարությունովը չի բացառում, որ Երևանի և Վաշինգտոնի միջև այս պաշտպանական գործարքը Թրամփի «հովանու» ներքո իրականացվող ընդհանուր «խաղաղության օրակարգի» մի մասն է։ ԱՄՆ-ն միաժամանակ մերձենում է երկու երկրների հետ, ուստի փորձագետը հնարավոր է համարում, որ Ադրբեջանն այս անգամ բավական զուսպ արձագանքի Հայաստանի կողմից ամերիկյան անօդաչուների ձեռքբերմանը՝ ի տարբերություն Հնդկաստանի կամ Ֆրանսիայի հետ գործարքների։ Բացի այդ, Բաքուն ինքն էլ ռազմավարական երկխոսություն է սկսել Վաշինգտոնի հետ՝ մտադիր լինելով ռազմական արտադրանք գնել և հասնելով Ադրբեջանին ռազմական մատակարարումները սահմանափակող 907-րդ լրացման չեղարկմանը։ Հարությունովը նույնիսկ չի բացառում, որ Բաքուն Վաշինգտոնի հետ շատ ավելի մասշտաբային ռազմական գործարք կկնքի, քան Երևանը։
Դավիթ Հարությունով
© Sputnik / Andranik Ghazaryan
Անվտանգության հարցերի փորձագետ Դավիթ Հարությունովն իր հերթին կարծում է, որ ամերիկացիների համար սեփական ռազմարդյունաբերական համալիրի արտադրանքի իրացումն ավելի կարևոր է, քան քաղաքական քաշքշուկները։ Իհարկե, նախկինում ԱՄՆ-ն որոշակի սահմանափակումներ էր կիրառում այս կամ այն երկրին զենք վաճառելու դեպքում, բայց թե ինչպես կվարվի Սպիտակ տան ներկայիս՝ ընդգծված պրագմատիկ վարչակազմը, դժվար է ասել։
Միաժամանակ Հարությունովը չի բացառում, որ Երևանի և Վաշինգտոնի միջև այս պաշտպանական գործարքը Թրամփի «հովանու» ներքո իրականացվող ընդհանուր «խաղաղության օրակարգի» մի մասն է։ ԱՄՆ-ն միաժամանակ մերձենում է երկու երկրների հետ, ուստի փորձագետը հնարավոր է համարում, որ Ադրբեջանն այս անգամ բավական զուսպ արձագանքի Հայաստանի կողմից ամերիկյան անօդաչուների ձեռքբերմանը՝ ի տարբերություն Հնդկաստանի կամ Ֆրանսիայի հետ գործարքների։ Բացի այդ, Բաքուն ինքն էլ ռազմավարական երկխոսություն է սկսել Վաշինգտոնի հետ՝ մտադրվելով ռազմական արտադրանք գնել և հասնելով Ադրբեջանի ռազմական մատակարարումները սահմանափակող 907-րդ լրացման չեղարկմանը։ Հարությունովը չի բացառում, որ Բաքուն Վաշինգտոնի հետ շատ ավելի մասշտաբային ռազմական գործարք կկնքի, քան Երևանը։
«MQ-35A» հետախուզական անօդաչու թռչող սարքը կամ «V-BAT»-ը մշակվել է 2010-ականների կեսերին։ Ավելի ուշ այն օգտագործվել է մի շարք տեղային հակամարտություններում հետախուզական տվյալներ հավաքագրելու համար (հիմնականում ուկրաինական բանակում՝ Ռուսաստանի դեմ մարտական գործողությունների ժամանակ. խմբ․): Դրա հիմնական արժանիքներից են ուղղահայաց վերելքն ու վայրէջքը, մինչդեռ բուն թռիչքն ընթանում է հորիզոնական հարթության մեջ՝ թևի կիրառմամբ։ Թռիչքի առավելագույն արագությունը հասնում է 90 կմ/ժ-ի, տևողությունը մինչև 10 ժամ է։ Այս դրոնն արդեն ներառվել է ԱՄՆ ռազմածովային ուժերի, ծովային հետևակի և առափնյա պահպանության ստորաբաժանումների սպառազինության մեջ։ Բացի այդ, այն օգտագործում են նաև այլ երկրներում։ Օրինակ՝ Ճապոնիան «V-BAT»-ն ընտրել է որպես իր ծովային նավերի հիմնական հետախուզական անօդաչու սարք։
Բաց աղբյուրների համաձայն՝ «V-BAT»-ի մոտավոր գինը 400-600 հազար դոլար է։ Այսինքն՝ 11 մլն դոլարով Հայաստանը կստանա մոտ 20 նման անօդաչու սարք։