ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի – Sputnik․ Խաղաղության հաստատումն առաջին քայլն է, սակայն այն պետք է պահպանել, և այդ ուղղությամբ են հիմա աշխատանքներն իրականացվում։ Ադրբեջան մեկնելուց առաջ օդանավակայանում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։
Նա ընդգծեց, որ խաղաղության պահպանման համար կարևոր է Հայաստանի և Ադրբեջանի միջև ունենալ տնտեսական փոխկախվածություն։
Լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչու է Վենսն այսօր առավոտյան Հայոց ցեղասպանության հուշահամալիր այցելել։
«Վաղը մենք Ադրբեջանի մի քանի կարևոր վայրեր ենք այցելելու, և երբ խոսեցինք հայերի հետ, նրանք ասացին, որ սա իրենց համար շատ կարևոր վայր է։ Եվ ակնհայտ է, որ ես ԱՄՆ առաջին փոխնախագահն եմ, ով երբևէ այցելել է Հայաստան։ Նրանք խնդրեցին մեզ այցելել այդ վայրը։ Այն, ինչ տեղի է ունեցել ավելի քան 100 տարի առաջ, շատ սարսափելի մի բան է, և այդ վայրը կարևոր է հայերի համար մշակութային առումով։ Այսպիսով, ես մտածեցի, որ հարգանքից ելնելով՝ թե՛ զոհերի, թե՛ Հայաստանի կառավարության, վարչապետ Փաշինյանի նկատմամբ, որը մեզ համար շատ կարևոր գործընկեր է տարածաշրջանում, ես ուզում էի գնալ և հարգանքի տուրք մատուցել»,- նշեց Վենսը։
Հավելենք, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսը պաշտոնական այցով Հայաստան է ժամանել փետրվարի 9-ին։ Նշենք, որ պաշտոնական այցի ընթացքում Վենսը հանդիպել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին։
ԱՄՆ փոխնախագահը Հայաստանից կմեկնի Ադրբեջան։