Ռազմական գոտում զոհվել է հայկական «ԱրԲատ» գումարտակի հրամանատար Հայկ Գասպարյանը

Փետրվարի 21-ին նախատեսված էր Հայկ Գասպարյանի հարսանիքը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի – Sputnik. Ռազմական հատուկ գործողության գոտում զոհվել է հայկական «ԱրԲատ» գումարտակի հրամանատար Հայկ Գասպարյանը։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի հայերի միությունը՝ հղում անելով Դոնեցկի Հանրապետության Գորլովկայի քաղաքապետ Իվան Պրիխոդկոյին։
«Այսօր մարտական առաջադրանք կատարելիս հերոսի մահով ընկել է «ԱրԲատ» հատուկ գումարտակի հրամանատար Հայկը («Աբրեկ»)։ Հավերժ փառք»,- գրել է նա։
Գասպարյանը մարտական ուղին սկսել է Արտյոմովսկի գրոհով։ Հետագայում արժանացել է մարտական 10 պարգևի, այդ թվում՝ Արիության շքանշանի և «Արիության համար» մեդալի, որը նրան է հանձնել անձամբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։
2024 թվականին Գասպարյանը դարձել է Ռուսաստանի հայերի միության սահմանած «Համաձայնություն» մրցանակի դափնեկիր։
Փետրվարի 21-ին պետք է տեղի ունենար նրա հարսանիքը։