ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի – Sputnik. Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Հայաստան ժամանած Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսը ստորագրեցին «Միջուկային էներգիայի խաղաղ նպատակներով օգտագործման ոլորտում ՀՀ կառավարության և ԱՄՆ կառավարության միջև համագործակցության մասին համաձայնագրի բանակցությունների ավարտի վերաբերյալ համատեղ հայտարարությունը»։
«Այս համաձայնագիրը նոր էջ կբացի Հայաստանի և ԱՄՆ–ի միջև խորացող էներգետիկ գործընկերության ասպարեզում, կնպաստի Հայաստանի էներգետիկ ռեսուրսների բազմազանեցմանը, նորարարական տեխնոլոգիաների ներգրավմանը»,–ասաց Փաշինյանը։
Ավելի վաղ Փաշինյանը և Վենսը առանձնազրույց էին ունեցել, որից հետո՝ ընդլայնված կազմով հանդիպում:
Հիշեցնենք, որ 2025 թ. օգոստոսին 8–ին Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթում հղում կա նաև էներգետիկ ոլորտում, մասնավորապես միջուկային էներգիայի շուրջ համագործակցության մասին։
Հավելենք, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը պաշտոնական այցով Հայաստան է ժամանել փետրվարի 9-ին։