ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի – Sputnik․ Համահայկական, վերքաղաքական ու վերկուսակցական գործունեություն, որի նպատակն է հասնել համազգային իղձերի իրականացմանը․ այսօր Երևանում գործունեության մեկնարկի մասին հայտարարեց Համահայկական հասարակական դաշինքը, որին միացել են Հայաստանից և սփյուռքից հասարակական, քաղաքական, ռազմական, մշակութային տարբեր գործիչներ։
«2026 թվականն է, և շատերի մոտ կարող է տպավորություն ստեղծվել, թե գայթակղություն կա ընտրություններին նայել ու մեր քայլերը կողմնորոշել համապատասխան ձևով։ Սակայն սա կարելի է զուգադիպություն անվանել․․․ Մեր գործունեությունը վերքաղաքական ու վերկուսակցական է, բայց եթե խորը մտածենք, հայոց տունը գող է մտել, մեզնից գողացել են կամ փորձում են գողանալ դարավոր, ազգային, հոգևոր և նյութական արժեքները, մեր երիտասարդների կյանքերը, վստահությունը ոչ միայն իրենց, այլև միմյանց նկատմամբ»,- հայտարարեց դաշինքի անդամ Թաթուլ Մանասերյանը։
Նրա խոսքով՝ լեգենդար Կոմանդոսի՝ Արկադի Տեր-Թադևոսյանի հիմնած «Քաղաքացիական խորհուրդը» դեռ կա, և այն բոլոր իղձերը, որոնք կային, հիմա իր վրա է վերցնում դաշինքը, քանի որ լավ գաղափարը չի կարող կիսատ կամ անկատար մնալ։
Դաշինքի ստեղծման գաղափարը ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Կարապետյանինն է։ Նրա խոսքով՝ այսօր որևէ առանձին քաղաքական ուժ կամ հասարակական միավոր ի վիճակի չէ միայնակ հաղթահարելու ստեղծված խորքային ճգնաժամերը։ Ըստ Կարապետյանի՝ միասնության կոչն այսօր լրիվ այլ կարևորություն է ստանում, ու նա վստահ է՝ դա հնարավոր է, ու դա մեր փրկության ու վերածննդի միակ միջոցն է։
«Մեզ անհրաժեշտ են արագ, խորքային և համակարգային լուծումներ ու փոփոխություններ, որոնք կունենան հենքային, երկարաժամկետ ազդեցություն մեր պետության և ողջ հայության համար։ Մենք պարտավոր ենք սկսել մտածել և գործել որպես մեկ միասնական մարմին, միասնական հայություն ոչ միայն մեզ կապող անցյալով, այլև ներկայի՝ իրար համալրող շահերի առկայությամբ և ապագայի հավաքական տեսիլով»,- հայտարարեց Կարապետյանը։
Նրա խոսքով՝ ստեղծված պայմաններում օտարածին բջիջները փորձում են կլանել հայկականը՝ խարխլելով մեր պետության հենքը, և հիմա առաջնային է հասարակական իմունային համակարգի ուժեղացումը։
Դաշինքը ձևավորել է 6 հիմնական սկզբունք, որոնց շուրջ պետք է քննարկումներ ունենա քաղաքական ուժերի հետ։ Առաջին կետով շեշտվում է, որ ՀՀ ինքնիշխանությունը, անվտանգությունն ու տարածքային ամբողջականությունը չեն կարող լինել որևէ սակարկության առարկա։ ՀՀ միջազգայնորեն ճանաչված սահմաններն ու պատմական տարածքները պետք է պաշտպանվեն ռազմավարական հստակությամբ և աննահանջ վճռականությամբ։ ՀՀ կառավարության կողմից ընդունվող յուրաքանչյուր որոշում և գործողություն պետք է առաջնորդվի բացառապես հայ ազգի և հայկական պետականության գերագույն շահերով։ Որևէ այլ շահ չի կարող գերակայել կամ խաթարել դրանք պաշտպանելու և առաջ մղելու պարտականությունը։
Երկրորդ կետը ֆիքսում է, որ գլոբալացման և ժողովրդագրական մարտահրավերների պայմաններում Հայաստանի կառավարումը պետք է ամրապնդի ազգային ու քաղաքակրթական ինքնությունը, հոգևոր, կրոնական և ընտանեկան արժեքները, սոցիալական արդարությունը և այլն։ Երրորդ կետը շեշտում է, որ Հայ առաքելական եկեղեցին շարունակում է մնալ ազգային ինքնության և բարոյական ուղեցույցի հենասյունը, կառավարությունը պետք է ունենա արդյունավետ և պատասխանատու հարաբերություն եկեղեցու հետ, բացառվի եկեղեցու ներքին գործերին որևէ միջամտությունը։ Չորրորդ կետն ամրագրում է, որ Արցախի հիմնախնդիրը պետք է դառնա ՀՀ արտաքին քաղաքական օրակարգի առաջնային հարցերից մեկը, Հայաստանը պետք է պաշտպանի արցախահայության վերադարձի իրավունքը բոլոր միջազգային ատյաններում։
Ըստ հինգերորդ կետի` ՀՀ-ն պարտավոր է հետապնդել արդարադատության իրականացումը, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հիման վրա համարժեք հատուցումը Թուրքիայի կողմից և Ադրբեջանի կողմից՝ Արցախում իրականացրած էթնիկ զտման և պատերազմական տարբեր հանցագործությունների համար։ Եվ վերջապես վեցերորդ կետն ամրագրում է, որ Հայաստանի կառավարումը պետք է ձևավորվի այնպես, որ հնարավորություն տա սփյուռքին ներգրավվել ազգային զարգացման, որոշումների կայացման և պաշտպանության գործընթացներում։