ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի – Sputnik. ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դի Վենսի աշխատակազմը ստացել է «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի նամակը և հայտնել իր շնորհակալությունը։ Տեղեկությունը հայտնում է «Սրբազան պայքար» ֆեյսբուքյան էջը` հղում անելով «Christian Solidarity International»–ին (Քրիստոնեական համերաշխության միջազգային կազմակերպություն)։
«Անցյալ շաբաթ CSI-ին հաջողվել է բանտում այցելել Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին և ստացել ենք նրա ստորագրած նամակը ` փոխանցելու ԱՄՆ փոխնախագահին։ CSI-ը բարձր է գնահատում փոխնախագահի թիմի համագործակցությունն ու ներգրավվածությունը և աղոթում է, որ այս այցը թեթևացում բերի հալածվողներին։ Վստահ եք, որ ԱՄՆ փոխնախագահը ուշադրությամբ կընդունի սրբազանի ուղերձը և կապահովի Ադրբեջանում և Հայաստանում պահվող հայ քրիստոնյա քաղաքական բանտարկյալների ազատ արձակումը»,- ասված է հաղորդագրությունում։
CSI-ում վստահ են, որ նամակում գրված մյուս փաստերն էլ ուշադրության կարժանանան՝ ապահովելով Արցախից բռնի տեղահանված հայերի անվտանգ վերադարձն իրենց հնագույն հայրենիք՝ նրանց հիմնարար իրավունքների լիարժեք պահպանմամբ։
Հիշեցնենք` այսօր` փետրվարի 9-ին, պաշտոնական այցով Հայաստան է ժամանելու ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսը։ Երեկոյան տեղի է ունենալու Վենսի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը, որից հետո նրանք հանդես են գալու հայտարարություններով։ Փետրվարի 10-11-ն Վենսը լինելու է Ադրբեջանում։