Աղի օգտագործման հետևանքով ճանապարհներին խնդիրներ կան․ Ավինյանը՝ փոսալցումների մասին

ԵԱՍՄ-ի տնօրենը շեշտում է՝ այժմ ամեն օր կոնկրետ վարչական շրջանում մոբիլիզացվում է համայնքային հիմնարկի ողջ տեխնիկան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի - Sputnik. Ձյան ժամանակ աղ-ավազով աշխատանքներ անելու պատճառով փողոցներում խնդիրներ են առաջացել։ Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Ձնամաքրման աշխատանքներից հետո փողոցներում մեծ քանակությամբ աղ կա»,- նշեց Ավինյանը։
«Երևանի Աղբահանության և սանիտարական մաքրման» հիմնարկի տնօրեն Սաշա Կատվալյանը հայտնեց, որ յուրաքանչյուր օր կոնկրետ վարչական շրջանում համայնքային հիմնարկի ողջ տեխնիկան մոբիլիզացվում է։ Մոտ 15 օրում քաղաքում աշխատանքները կավարտեն։
Ավինյանը նաև ընդգծեց՝ հաշվի առնելով, որ այս տարի մեծ ծավալի աղ է օգտագործվել՝ դա նաև իր խնդիրներն է բերել ճանապարհների հետ կապված։ Շեշտեց՝ փոսալցման հետ կապված մեծ ծավալի աշխատանքներ պետք է կատարվեն։
Շինարարության և բարեկարգման վարչության պետի պաշտոնակատար Անդրանիկ Թևոսյանն էլ նշեց, որ արդեն 4 անգամ քաղաքում փորձել են տեղային լուծում տալ։
«Այս շաբաթ-կիրակի օրվանից կսկսենք բուն փոսալցման աշխատանքները»,- ասաց Թևոսյանը։
Եզրափակելով խոսքը՝ Ավինյանը շեշտեց՝ ավելի ինտենսիվ պետք է աշխատել, պետք է մաքսիմալ արագացնել գործընթացը։