ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի – Sputnik. Դեպի Հայաստան զբոսաշրջային հոսքերի առումով 2026 թ. հունվարը ռեկորդային է եղել։ Այդ մասին ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
«Այսինքն` այս հունվարը Հայաստանի բոլոր հունվարներից լավագույն հունվարն է եղել»,– վստահեցրեց նախարարը։
Նրա տվյալներով` այս տարվա հունվարին 39 տոկոսով ավելի զբոսաշրջիկ է եկել Հայաստան, քան անցած տարվա նույն ամսին։
Ըստ Պապոյանի` Ռուսաստանից եղել է զբոսաշրջիկների համաչափ աճ` 40–41 տոկոսի շրջանակում, նույն համաչափ զարգացումը եղել է նաև մյուս երկրների դեպքում։ Նախարարի վստահեցմամբ` գերակտիվ է եղել նաև 2025 թ. 12 ամիսներից 7–ը։ Պապոյանն այս 7 ամիսները զբոսաշրջային հոսքերի առումով կրկին ռեկորդային բնորոշեց։
«Սա նշանակում է` այն, ինչ անում ենք երկարաժամկետ և միջնաժամկետ հատվածում` մարքեթինգային ակտիվ արշավներ, դեպի Հայաստան նոր ուղղությունների վրա աշխատանք, օրինակ` Մերձավոր Արևելքի երկրներից, տալիս են իրենց արդյունքները։ Օրինակ` Մերձավոր Արևելքի երկրներից հոսքերն ավելացել են, քանի որ այս երկրների քաղաքացիների դեպքում մենք պարզեցրել ենք վիզայի քաղաքականություն, և նրանք Հայաստան կարող են գալ առանց վիզայի»,– վստահեցրեց նախարարը։
Պապոյանի համոզմամբ` Հայաստանում հատկապես կրոնական զբոսաշրջությունն ունի մեծ պոտենցիալ։ Ըստ նրա` այսօր աշխարհում քչերը գիտեն, որ Հայաստանը առաջինն է ընդունել քրիստոնեությունը։
«Սրա շուրջ ևս պետք է մեծ հանրահռչակում իրականացնենք։ Կոպիտ է հնչում, բայց պետք է ասեմ՝ անտերության մատնված վանական համալիրները վերադարձնում ենք հանրությանը, վերադարձնում ենք զբոսաշրջիկին։ Դրա նպատակը ոչ միայն մոնետարիզացիան է, այլ նաև Հայաստանի Հանրապետության հանրահռչակումը որպես զբոսաշրջային երկիր»,– հայտարարեց նախարարը։
Պապոյանն ավելացրեց, որ «անտերության մատնված» վանական համալիր տանող ճանապարհները վերանորոգում են, որ անգամ Հայաստանի զբոսաշրջիկների համար դարձնեն հասանելի։
Նշենք, որ Հայաստանը ՎԶԵԲ–ից 120 մլն եվրո վարկ է վերցնում զբոսաշրջային կլաստերների զարգացման համար։