Ոսկու և արծաթի գները նվազում են պատմական առավելագույնից հետո. հայտնի են պատճառները

Ոսկու ձուլակտորներ
Եթե մեկ տարի առաջ համաշխարհային շուկայում ոսկին արժեր մեկ ունցիայի դիմաց մոտ 2,9 հազար դոլար, ապա հունվարի վերջին գինը գերազանցել է 5,3 հազար դոլարը
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի - Sputnik. Ոսկու և արծաթի գները նվազում են նախորդ շաբաթների ռեկորդային ցուցանիշներից հետո։ Yahoo Finance-ի փոխանցմամբ՝ անկումը պայմանավորված է դոլարի ամրապնդմամբ և ԱՄՆ-ի ու Չինաստանի միջև առևտրային վեճերի մեղմացման նշաններով։
Սա նվազեցնում է թանկարժեք մետաղների պահանջարկը՝ որպես պակաս եկամտաբեր, բայց առավել հուսալի ներդրման միջոցի։ Միաժամանակ աճում է արծաթի նկատմամբ արդյունաբերական պահանջարկը՝ էլեկտրամոբիլների և արհեստական բանականության հետ կապված սարքերի արտադրության ոլորտում։
Եթե մեկ տարի առաջ համաշխարհային շուկայում ոսկին արժեր մեկ ունցիայի դիմաց մոտ 2,9 հազար դոլար, ապա հունվարի վերջին գինը գերազանցել է 5,3 հազար դոլարը։ Հիմա այն նվազել է՝ հասնելով մոտ 4 860 դոլարի, բայց նախորդ տարվա համեմատ դեռ շատ բարձր է։ Նույն պատկերն է նաև արծաթի դեպքում. մեկ տարի առաջ այն արժեր մեկ ունցիայի դիմաց շուրջ 30 դոլար, հունվարի վերջին՝ ավելի քան 110 դոլար, հիմա՝ 76 դոլար։
Վերլուծաբանների կարծիքով՝ թանկարժեք մետաղների էժանացումը պայմանավորված է նաև դոլարի փոխարժեքի աճով։ Ոսկուց բացի համեմատաբար հուսալի ներդրում է համարվում ամերիկյան արժույթը, սակայն վերջին ամիսներին այդ կարգավիճակը տատանվում էր ԱՄՆ քաղաքականության անկանխատեսելիության պատճառով (ինչը նաև հանգեցրեց դոլարի արժեզրկմանը)։ Այս պահին դոլարն աճում է՝ խիստ դրամավարկային քաղաքականության և տոկոսադրույքների բարձրացման սպասումների ֆոնին: Այդ սպասումներն առաջացել այն բանից հետո, երբ Դոնալդ Թրամփը Ջերոմ Փաուելի փոխարեն ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի նոր ղեկավար նշանակեց Քևին Ուորշին։
Նշենք, որ Հայաստանն արտահանում է արծաթի և ոսկու պարունակությամբ կիսաֆաբրիկատներ (խտանյութեր և համաձուլվածքներ), որոնք արտադրվում են տեղական հանքավայրերի հիմքի վրա։ Վերջին տարիներին ցուցանիշներն աճել են վերաարտահանման հաշվին։ Մասնավորապես՝ 2024 թվականին Հայաստան է ներմուծվել շուրջ 78 տոննա մաքուր արծաթի կիսաֆաբրիկատ, արտահանվել՝ 66 տոննա։ Ոսկու կիսաֆաբրիկատների դեպքում ծավալները կազմել են համապատասխանաբար 22 և 14 տոննա։ 2024 թվականի համեմատ վերաարտահանման ծավալները կրճատվել են, բայց դեռևս զգալիորեն գերազանցում են սեփական արտադրությունը։ Համեմատության համար՝ 2021 թվականին ոսկու խտանյութերի և համաձուլվածքների արտահանումը կազմել է 4 տոննայից էլ քիչ, իսկ արծաթն արտահանվել է միայն որպես այդ խտանյութերի և համաձուլվածքների կողմնային պրոդուկտ։