ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի – Sputnik. Ուֆայի բժշկական համալսարանի հանրակացարանում ուսանողների և ոստիկանների վրա հարձակվողը 15-ամյա դեռահաս է։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Ռուսաստանի քննչական կոմիտեին:
«Ձերբակալման ժամանակ հարձակվողը դիմադրություն է ցույց տվել, որի ընթացքում դանակի հարվածներ են ստացել ոստիկանության երկու աշխատակիցներ։ Բացի այդ, նա ինքն իրեն է մարմնական վնասվածք պատճառել և այս պահին գտնվում է բժշկական հաստատությունում», - ասվում է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ուֆայում անհայտ անձը դանակով հարձակում է գործել բժշկական համալսարանի հանրակացարանում, որտեղ ապրում են արտասահմանցի ուսանողներ:
Նախնական տվյալներով՝ ընդհանուր առմամբ վիրավորվել է 6 մարդ, նրանցից 2-ի վիճակը ծանր է։