Նուբարաշենում խմբակային դաժան ծեծի են ենթարկել 24–ամյա պայմանագրային զինծառայողի. ԶԼՄ

Պարզվել է, որ զինծառայողը Կոտայքի մարզի բնակիչ 24-ամյա Ավետիք Մ.-ն է, որը ծառայում է Նուբարաշենի զորամասում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի – Sputnik. Երևանի Նուբարաշեն վարչական շրջանում գտնվող ՀՀ պաշտպանության նախարարության զորամասին հարակից տարածքում խմբակային դաժան ծեծի է ենթարկվել պայմանագրային զինծառայող։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Կայքի տեղեկություններով` դեպքը տեղի է ունեցել փետրվարի 5-ին` ժամը 20։30–ի սահմաններում։
Զինծառայողը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է «Մուրացան» զինվորական հոսպիտալ։
Բժիշկները հոսպիտալ ժամանած ՀՀ պաշտպանության նախարարության աշխատակիցներին հայտնել են, որ վիրավորն անգիտակից վիճակում գտնվում է վիրահատարանում և ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալ։ Նա ծանր վնասվածք է ստացել դեմքի, այդ թվում՝ աչքերի հատվածում։
Կայքը գրում է, որ զինծառայողը Կոտայքի մարզի բնակիչ 24-ամյա Ավետիք Մ.-ն է, որը ծառայում է Նուբարաշենի զորամասում։
Դեպքի փաստով ռազմական ոստիկանությունում փաստաթղթեր են կազմել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորի քննչական բաժին։
Հավելենք, որ Sputnik Արմենիային դեռևս չի հաջողվել կապ հաստատել ՀՀ պաշտպանության նախարարության հետ և այս լուրի վերաբերյալ մեկնաբանություն ստանալ։