ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի – Sputnik. Ռուսաց լեզվի ավելի քան 50 ուսուցիչ Երևանից և Հայաստանի տարբեր մարզերից մայրաքաղաքում մասնակցել են որակավորման բարձրացման դասընթացի։
Վերապատրաստումը կազմակերպվել է «Ռուսաց լեզվի անվճար դասընթացներ Հայաստանում» ծրագրի շրջանակում, «Մեր ապագան» կրթամշակութային բարեգործական հիմնադրամի կողմից` Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի աջակցությամբ:
Հիմնադրամի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանի խոսքով` ուսուցիչներից է կախված մեր ազգի, ցանկացած պետության ապագան։
«Ժամանակակից կրթական համակարգը զարգանում է արագ տեմպերով, այսօր շատ են նոր տեխնոլոգիաները, և մենք ցանկանում ենք, որ դուք տեղյակ լինեք այս բոլոր իրադարձություններին, ժամանակակից տեխնոլոգիաներն ու արդիական մեթոդիկաները ներդնեք ձեր կրթական ծրագրերում»,– նշել է նա։
Ռուսաստանի դեսպանատան խորհրդական, ՌԴ գիտության և բարձրագույն կրթության նախարարության ներկայացուցիչ Միխայիլ Վոժդաևն իր հերթին ասել է, որ ուսուցիչները ոչ միայն ռուսաց լեզվի, այլև ռուսական մշակույթի ուղեցորդն են, և նրանց շնորհիվ Հայաստանի բոլոր մարզերում երեխաները դառնում են այն բարեկամության շարունակողները, որ դարեր շարունակ եղել է ու կա երկու ժողովուրդների միջև:
Նա ՌԴ դեսպանատան անունից շնորհակալական դիպլոմներ հանձնեց մի խումբ ուսուցիչների։ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի անունից շնորհակալագիր են ստացել ևս չորս ռուսաց լեզվի մասնագետ:
Մասնագիտական զարգացման ծրագրի շրջանակում քննարկվում են ռուսերենը որպես օտար լեզու դասավանդելու ժամանակակից գործիքներն ու մեթոդները, դասավանդման դերը արհեստական բանականության զարգացման պայմաններում: