Ոստիկանության պաշտոնյան կեղծ արձանագրություններ է կազմել. նրա պաշտոնավարումը կասեցվել է

ՀՀ ոստիկանության պաշտոնատար անձի կեղծ արձանագրություններ կազմելու հետևանքով քաղաքացիները տուգանվել են 50.000-ական ՀՀ դրամով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի – Sputnik. ՆԳՆ ոստիկանության պաշտոնատար անձը մեղադրվում է վարչական իրավախախտումների վերաբերյալ բազմաթիվ կեղծ արձանագրություններ կազմելու մեջ։ Նրա պաշտոնավարումը կասեցվել է։ Այս մասին հայտնում է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն։
Նշվում է, որ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով հիմնավորվել է, որ ՀՀ ոստիկանության պաշտոնատար անձը կեղծ արձանագրություններ է կազմել մեկ տասնյակից ավելի քաղաքացիների ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ:
«Հիշյալ պաշտոնատար անձը 2023 թվականի հունվարի 4-ից ապրիլի 3-ն ընկած ժամանակահատվածում 13 քաղաքացիների կողմից օրենքով նախատեսված վարչական որևէ իրավախախտում կատարած չլինելու պայմաններում, առանց վերջիններիս մասնակցության, նրանց վերաբերյալ կազմել է իրավաբանական պատասխանատվություն առաջացնող 17 կեղծ արձանագրություն՝ դրանք դնելով պաշտոնական շրջանառության մեջ»,–հայտնում է կոմիտեն:
ՀՀ ոստիկանության պաշտոնատար անձի գործողությունների հետևանքով այդ քաղաքացիները տուգանվել են 50.000-ական ՀՀ դրամով։
Պաշտոնեական կեղծիք կատարելու համար ոստիկանության ծառայողին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 445-րդ հոդվածի 1-ին մասով : Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ՀՀ-ից բացակայելու արգելքը և պաշտոնավարման կասեցումը։
Բռնությամբ ցուցմունք կորզող ոստիկանի նկատմամբ տնային կալանք է կիրառվել. ՔԿ
Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է։ Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան: