Վենսի այցի՞ն են նախապատրաստվում. ԱՄՆ-ից մեծ պատվիրակություն է ժամանել Հայաստան

Նշվում է, որ երևանյան հյուրանոցներից մեկում մի ամբողջ հարկ ԱՄՆ պատվիրակությանն է տրամադրվել, ու սենյակներից հանվել է ողջ գույքը, բացի սեղան-աթոռներից:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի - Sputnik. ԱՄՆ-ից օրեր առաջ մեծ պատվիրակություն է ժամանել Հայաստան` հավանաբար փոխնախագահ Ջեյմս Վենսի այցը նախապատրաստելու: Այս մասին գրում է «Հրապարակ» օրաթերթը:
«Նրանց «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում մի ամբողջ հարկաբաժին են հատկացրել՝ տասնյակ սենյակներ, որտեղ կահույքից թողել են միայն սեղան-աթոռներ, մնացածը դուրս են բերել։ Հյուրանոցի աշխատակիցներին արգելված է այդ հարկում գտնվել»,- գրում է թերթը:
Նշվում է, որ պատվիրակության անդամների գիշերակացը հյուրանոցի մեկ այլ հատվածում են կազմակերպել։ Նրանք եկել են 2 շաբաթով։
Հիշեցնենք, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիս Վենսը Երևան է ժամանելու փետրվարի 9-ին, իսկ հաջորդ օրը մեկնելու է Բաքու։