Սրա դառը պտուղները երկար ենք ճաշակելու․ արդարադատության նախկին նախարարը՝ Բաքվի վճռի մասին

Ըստ արդարադատության նախկին նախարարի՝ ԵԽԽՎ-ի ընդունած բանաձևը հումանիտար նախաձեռնություն է, բայց դրանից իրավաքաղաքական գնահատականը չի փոխվում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի - Sputnik. Բաքվում հայ գործիչների դատապարտման դատական ակտով նորանկախ Հայաստանի և Արցախի իշխանությունների ողջ գործունեությունը գնահատվեց որպես մարդկության դեմ ուղղված միջազգային հանցագործություն, ինչի դառը պտուղները հայ ազգը դեռ երկար է ճաշակելու։ Այս մասին գրել է ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը։
Գևորգ Դանիելյան
Նրա խոսքով՝ ԵԽԽՎ-ն բավարարվեց սոսկ դատապարտյալներին հանձնելու վերացական բանաձև հնչեցնելով, ինչը միանշանակ հումանիտար նախաձեռնություն է, բայց դրանից իրավաքաղաքական գնահատականը չի փոխվում։
Ըստ Դանիելյանի՝ ԵԽԽՎ-ի ընկալմամբ սա սոսկ «խաղաղության» մասին հերթական հաշվետվությունը գրանցելու միջոց է, ոչ ավելին։
«Այս ամենի համատեքստում, առերևույթ ցեղասպանություն իրագործած Ադրբեջանի իշխանությունն արդեն նոր կարգավիճակի մեջ կարող է և «մեծահոգաբար» հայտարարել, որ ներում է․․․»,- գրել է Դանիելյանը:
Հիշեցնենք` Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը» սկսվել էր 2025 թվականի հունվարին։ Այն արդեն ավարտվել է, և դատարանը փետրվարի 5–ին հրապարակել է դատավճիռները` ցմահ ազատազրկման են դատապարտվել Արցախի Հանրապետության նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը և ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը։ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը դատապարտվել են 20 տարվա ազատազրկման։ Քաղաքացիական գերիներ Մադաթ Բաբայանը և Մելքիսեթ Փաշայանը դատապարտվել են 19 տարվա ազատազրկման, Գարիկ Մարտիրոսյանը՝ 18, Դավիթ Ալահվերդյանը և Լևոն Բալայանը՝ 16, Էրիկ Ղազարյանը, Գուրգեն Ստեփանյանը, Վասիլ Բեգլարյանը՝ 15 տարվա ազատազրկման։
Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի «գործը» քննվում է առանձնացված վարույթով։ 2025-ի դեկտեմբերի 18-ին դատախազը նրա նկատմամբ ևս ցմահ ազատազրկում է պահանջել։