Ինչո՞ւ Հայաստանից դեռ որևէ ապրանք չի արտահանվել Ադրբեջան. էկոնոմիկայի նախարարի պատասխանը

Նախարար Պապոյանի խոսքով` սա ժամանակատար մի գործընթաց է, որը բավականին բարդ է, սակայն իրագործելի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի – Sputnik. Ադրբեջանական ծագման երկու ապրանք է ներմուծվել Հայաստան` բենզին և դիզելային վառելիք, հայկական ծագման ապրանք դեռ չի արտահանվել, սակայն կողմերը փոխանակել են երկար ցանկեր, և գործարար միջավայրը ժամանակի ընթացքում կարձագանքի։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը` անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ Հայաստանից Ադրբեջան դեռ որևէ ապրանք չի արտահանվել։
«Ի՞նչն է պատճառը։ Պատճառները տարբեր են` սկսած նրանից, որ շուկաները միմյանց բավականին անծանոթ են։ Սրա համար, իմ կարծիքով, անհրաժեշտ է ժամանակ, և դա այնպիսի գործընթաց է, որ ավելի շատ գտնվում է մասնավոր հատվածի տիրույթում, պետությունն ընդամենը ստեղծում է պայմաններ` քաղաքական պայմանավորվածություններով»,– հայտարարեց Պապոյանը։
Նրա խոսքով` հիմա պետությունն այդ պայմանների մի զգալի մասն արդեն իսկ ստեղծել է։ Ուղիղ երկաթուղային հաղորդակցություն դեռևս չկա, սակայն այդ ուղղությամբ աշխատանքներ տարվում են։
«Մի քանի տարի անց այն կլինի, ես նկատի ունեմ «Թրամփի ուղու» գործարկումը, որը կակտիվացնի Ադրբեջանի հետ առևտուրը։ Միգուցե այդ ընթացքում այլ գործիքակազմ աշխատի»,– հայտարարեց նախարարը։
Ըստ նրա` սա ժամանակատար մի գործընթաց է, որ բավականին բարդ է, սակայն իրագործելի։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան:
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 11-ին հայտարարեց, որ ՀՀ–ն ոչ թե 99 տարով հողը վարձակալության է տալիս ամերիկյան կողմին, այլ տալիս է կառուցապատման իրավունք։
2026 թվականի հունվարի 14-ին հրապարակվեց «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (TRIPP) իրականացման շրջանակը։