ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի – Sputnik. ՀՀ գլխավոր դատախազությունը պահանջում է ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար, ԱԺ նախկին պատգամավոր Արթուր Աղաբեկյանից և ԱԺ նախկին պատգամավոր Ռուբիկ Հակոբյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել անշարժ և շարժական գույքեր, դրամական միջոցներ։ Տեղեկությունը հայտնում է դատախազությունը։
Նշվում է, որ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ Աղաբեկյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝
3 անշարժ գույք,
Երևանի Կենտրոն վարչական շրջանում գտնվող 4 անշարժ գույքի գնման իրավունք,
1 անշարժ գույքի ներկայիս շուկայական արժեքը,
3 տրանսպորտային միջոց,
4 իրավաբանական անձանցում մասնակցություն,
27 միլիոն 597 հազար դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ,
8 միլիոն դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել։
Իսկ ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Ռուբիկ Հակոբյանից և վերջինիս փոխկապակցված անձից դատախազությունը պահանջում է հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝
5 անշարժ գույք, 1 գույքի գնման իրավունք,
2 տրանսպորտային միջոց:
Ռուբիկ Հակոբյան
© Sputnik / Asatur Yesayants
Հիշեցնենք` Ռուբիկ Հակոբյանը 1990-95 թվականներին եղել է ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր, իսկ 1995 թվականից մինչև 2012 թվականը` ԱԺ պատգամավոր։ Արթուր Աղաբեկյանն էլ ԱԺ պատգամավոր է եղել 2007-2009 թվականներին։