ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի – Sputnik. Չինաստանը ստեղծել է աշխարհի առաջին միկրոալիքային զենքը՝ TPG1000Cs-ը, որը կարող է խափանել Երկրի ցածր ուղեծրում գտնվող արբանյակների աշխատանքը, այդ թվում՝ SpaceX ընկերության Starlink–երի։ South China Morning Post–ը (SCMP) գրում է, որ այդ զենքը րոպեում կարող է 20 գիգավատտ հզորություն ապահովել։
Զենքի երկարությունը 4 մետր է, կշիռը` 5 տոննա։ Այն կարել է տեղադրել բեռնատարի, նավի, ինքնաթիռի կամ արբանյակի վրա։ Նախկինում նմանատիպ համակարգերը կարող էին անդադար աշխատել ոչ ավելի, քան երեք վայրկյան և շատ ավելի ծանր էին։
Ավելի վաղ, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ելույթ ունենալիս, Չինաստանի ներկայացուցիչը հայտարարել էր, որ Starlink-ը համարում են սպառնալիք ազգային անվտանգության համար, քանի որ SpaceX արբանյակային համակարգն օգտագործվում է ռազմական հետախուզության համար: Որպես օրինակներ նշվել էր 2021 թվականին չինական ուղեծրային կայանի հետ արբանյակի մոտեցման և 2025 թվականի դեկտեմբերին մեկ այլ արբանյակի անկման հետ կապված դեպքերը: Նշվել է նաև, որ որոշ արբանյակներ օգտագործվում են «ահաբեկչական և անջատողական խմբավորումների» կողմից: