«Ալյանսի» տարածքում նոր ծրագրի հետ կապված քննարկումներ կան ռուս գործընկերների հետ. Պապոյան

ՀՀ էկոնոմիկայի նախարարի խոսքով` ներդրումային ծրագիրը կքննարկեն ու կգտնեն այնպիսի լուծում, որ լինի Հայաստանի օգտին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի – Sputnik. Երևանում գործող «Ալյանս» ազատ տնտեսական գոտին (ԱԱԳ) լուծարվեց, քանի որ լուրջ խնդիրներ էին առաջացել, սակայն հիմա նույն տարածքում նոր գոտու հետ կապված քննարկումներ կան ռուս գործընկերների հետ։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
2025 թ. օգոստոսի 7–ին հայտնել էինք, որ «ՌԱՕ ՄԱՐՍ» ՓԲԸ-ի (Երևան, Րաֆֆու 111) և «ԵրՄՄԳՀԻ» ՓԲԸ-ի (Երևան, Հակոբ Հակոբյան 3) («Մերգելյան» ինստիտուտ. խմբ.) տարածքներում ստեղծված «Ալյանս» ազատ տնտեսական գոտին, որը շահագործվել էր 2013 թ. օգոստոսի 14–ին 10 տարի ժամկետով, լուծարվել է։ Այս ազատ տնտեսական գոտու գործունեության ժամկետը 2023 թ. և 2024 թ. մեկական տարով երկարաձգվել էր։
Պապոյանը նշեց, որ Ազատ տնտեսական գոտիների հարցերով միջգերատեսչական հանձնաժողովը, որը ինքն է գլխավորում, որոշեց, որ այդ ԱԱԳ–ն պետք է փակվի, սակայն կարող է նույն տարածքում նորը բացվել։
«Այս օրերին Հայաստանում էին նաև ռուսաստանցի մեր գործընկերները, որոնք հանդիպում ունեցան նաև ՀՀ վարչապետի հետ։ Այս առումով մեր դիրքորոշումն այն է, որ մենք ողջունում ենք ցանկացած ներդրում, այդ թվում` Ռուսաստանից։ Մենք շատ կուզենանք, որ իրենք նոր ներդրումներ անեն։ Եթե այդ նոր ներդրումների շրջանակում որոշակի արտոնությունների կարիք լինի, ՀՀ կառավարությունը պատրաստ է քննարկել, սակայն շատ կարևոր է, որ մենք ունենանք կոնկրետ ներդրումային ծրագիր, որ գործընկերները գան, ասեն` այս տարածքում մենք կոնկրետ սա ենք ուզում ունենալ»,– ասաց նախարարը։
Նրա խոսքով` ներդրումային ծրագիրը կքննարկեն ու կգտնեն այնպիսի լուծում, որ լինի Հայաստանի օգտին, որն էլ ենթադրում է օգուտներ բիզնեսի համար։
«Ռուսալ Արմենալի» արտադրանքի արտահանման խնդիրը լուծված է. Պապոյան