ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի – Sputnik. Ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարվածներից Բելգորոդի մարզի Շեբեկինոյի շրջանում վեց մարդ է տուժել։ Այս մասին հայտնել է մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը:
«Շեբեկինոյի շրջանը Ուկրաինայի զինված ուժերի հարվածի տակ է։ Տուժել է 6 մարդ։ Շեբեկինո քաղաքում FPV-դրոնի պայթյունի հետևանքով մի տղամարդ ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ: Նա տեղափոխվել է շրջկենտրոնի հիվանդանոց։ Շրջանի Գրաֆովկա գյուղում մեքենայի վրա դրոնի հարձակման հետևանքով տուժել է չորս մարդ»,-գրել է Գլադկովը տելեգրամյան ալիքում:
Պաշտոնյան հստակեցրել է, որ տուժածներից երեքը տեղի ամբուլատորիա են տեղափոխվել հայտնի շինարար Պյոտր Գլամազդինի կողմից, որը 2023 թվականից զբաղվում է բնակարանների վերականգնմամբ:
Տուժածներից մի կնոջ և երկու տղամարդու մոտ ախտորոշվել է ուսի և կրծքավանդակի բեկորային վնասվածքներ։ Մարզպետը հավելել է, որ չորրորդ տուժածին կրծքավանդակի և ոտքերի բեկորային վերքերով շրջկենտրոնի հիվանդանոց են տեղափոխել ինքնապաշտպանության մարտիկները:
«Գյուղի խանութի կայանատեղիում գտնվող մի մեքենա ևս ենթարկվել է FPV-դրոնի հարձակման։ Մեջքի բեկորային վերք ստացած տղամարդուն շտապօգնության բրիգադը տեղափոխել է Շեբեկինոյի կենտրոնական հիվանդանոց։ Պայթյունի վայրում վնասվել է շինություն և երեք մեքենա»,– ընդգծել է Գլադկովը։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։