ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի – Sputnik. Ռուսաստանն ու ԱՄՆ-ն պայմանավորվել են պահպանել Ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման մասին պայմանագրի պայմանները ևս կես տարի։ Այս մասին հայտնում է «Axios» գործակալությունը:
Մոսկվայի և Վաշինգտոնի ներկայացուցիչները պայմանավորվածությունը ձեռք են բերել Աբու Դաբիում։
«Իրազեկ աղբյուրի տվյալներով՝ գործնական արդյունքն այն է, որ ԱՄՆ-ն և Ռուսաստանը կհամաձայնեն պահպանել գործարքի պայմանները ևս վեց ամիս` այդ ընթացքում բանակցելով հնարավոր նոր գործարքի շուրջ», - սոցցանցում գրել է գործակալության լրագրող Բարաք Ռավիդը:
Պայմանագրի ժամկետը լրանում է այսօր, ինչի մասին ավելի վաղ զգուշացրել էր Ռուսաստանի ԱԳՆ-ն՝ մատնանշելով պաշտոնական Վաշինգտոնի արձագանքի բացակայությունը: Հայտարարության մեջ ասվում էր, որ Ռուսաստանն այդպես էլ ԱՄՆ-ից չի ստացել Ռազմավարական հարձակողական սպառազինությունների պայմանագրի վերաբերյալ իր առաջարկի պատասխանը: Նշվում էր, որ Ռուսաստանը ելնում է այն հանգամանքից, որ պայմանագրի կողմերը փաստաթղթի համատեքստում այլևս կապված չեն որևէ պարտավորություններով և ազատ են իրենց հետագա քայլերի ընտրության հարցում: