Նախորդ տարի Հայաստանի արգելոց-թանգարանները ռեկորդային թվով այցելուներ են ունեցել

Ամենաշատ այցելվող հուշարձանը Գառնին է, որին 2025թ․-ին հաջորդել է «Զորաց քարերը»։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի – Sputnik․ 2025թ․-ին արգելոց-թանգարանները ռեկորդային թվով այցելուներ են ունեցել։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ այդ մասին ասաց ՀՀ ԿԳՄՍՆ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արմեն Հովհաննիսյանը։ Նրա խոսքով՝ 2023 թ․-ին եթե ՊՈԱԿ-ի ենթակայության տակ գտնվող արգելոց-թանգարանները 750000 այցելու են ունեցել, 2024թ․-ին՝ 763000, ապա 2025 թ․-ին՝ 826000։
«Սա այն դեպքում, երբ մեծ թվով այցելուներ ունեցող Ամբերդ ամրոցը փակ է եղել այցելությունների համար, քանի որ վերականգնման աշխատանքներ են ընթանում։ Օրինակ, 2024թ․ -ին այնտեղ ունեցել ենք շուրջ 30 հազար այցելու։ Այս պահին քննարկումներ են ընթանում, որ հնարավոր լինի այնպես կարգավորել շինարարական աշխատանքները, որ ամրոցն այցելությունների համար բաց լինի»,- նշեց Հովհաննիսյանը։
Ամենամեծ թվով այցելություններ գրանցվել են Գառնիում (528 000)։ Տնօրենը նշում է՝ 2025-ին զարմացնող և ուրախացնող ցուցանիշ են ունեցել․ երկրորդ ամենաայցելվող հուշարձանը «Զորաց քարերն է» (32 000)։
Տնօրենը հիշեցնում է՝ այցելություններից գեներացված գումարները (եթե հուշարձանն ունի տոմսային տնտեսություն- խմբ․) ծախսվում են հուշարձանների վերականգնման, ամրակայման, պահպանության համար։ Օրինակ, նախորդ տարի ՊՈԱԿ-ի արտաբյուջետային միջոցներով վերանորոգվել է Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցին (35 մլն դրամ)։
Նախորդ տարի նաև տարբեր հուշարձանների տարածքում ենթակառուցվածքների ստեղծման աշխատանքներ են իրականացվել, կառուցվել են սանհանգույցներ, տեղեկատվական մոդուլային կենտրոններ և այլն։ Այս տարի ևս աշխատանքները շարունակվելու են։
Այս տարի ծրագրում են նաև պիլոտային ծրագիր գործարկել՝ հուշարձանների պահապանների աշխատանքն առավել արդյունավետ դարձնելու համար։ Քանի որ պահապանների թիվը քիչ է, իսկ հուշարձանների թիվը՝ մեծ, ու դրանց մի մասը նաև հեկտարներով տարածք է զբաղեցնում, նպատակ կա ժամանակակից տեխնոլոգիաների ներդրմամբ օգնել պահապաններին ժամանակն ու ռեսուրսներն առավել արդյունավետ օգտագործել։ Օրինակ, լեռան բարձունքում գտնվող կամ մի քանի հեկտար ընդգրկող տարածքը պահապանը կարող է դրոնների օգնությամբ, այսպես ասած, «անցնել» րոպեների ընթացքում։ Սա նաև կօգնի գանձագողության դեպքերի նկատմամբ վերահսկողությունն ավելի մեծացնելու համար։