ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի - Sputnik. Հայաստանի կառավարությունը այսօր կայացած նիստում հավանություն է տվել Հարկային օրենսգրքում փոփոխությունների փաթեթին, որը ԱԱՀ-ի և շահութահարկի հաշվառման ռեժիմի պարզեցում է նախատեսում: Օրինագծերի փաթեթը կներկայացվի խորհրդարան։
Ինչպես կառավարության նիստում նախագիծը ներկայացնելիս հայտարարել է պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը՝ Հայաստանի ռեզիդենտներին ինտերնետ ոլորտում ծառայություններ մատուցող արտասահմանյան ընկերությունների համար (Google, Meta և այլն) կդյուրացվի ԱԱՀ-ի հաշվարկը (բոլոր դեպքերում այն հնարավոր կլինի լրացնել e-VAT էլեկտրոնային համակարգում ոչ թե ամեն ամիս, այլ եռամսյակը մեկ անգամ):
Մեկ այլ փոփոխությամբ ծխախոտ, ալկոհոլ և այլ ենթաակցիզային ապրանքներ ներկրողներին կթույլատրվի ակցիզային հարկ վճարել մինչև հաջորդ ամսվա 20-ը (ներկայում այն գանձվում է սահմանին)։
Հաջորդ փոփոխությամբ առաջարկվում է արտոնյալ ռեժիմ ավտոնոմ արևային վահանակներ օգտագործող ընկերությունների համար (սեփական սպառում)։ Արտադրության ավելցուկը նրանք վաճառում են էլեկտրացանցին՝ ստանալով եկամուտ, որը չի հարկվում եկամտահարկով։ Հիմա, դրան ի հավելումն, նման ընկերությունները կկարողանան դուրս գրել արտադրության հետ կապված ծախսերը իրենց եկամտահարկի բազայից:
Եվս մեկ փոփոխությամբ կաթնամթերք արտադրողներին թույլ կտան դուրս գրել (ի հաշիվ ապրանքի փչացման և վերադարձի) վաճառքի մինչև 2%-ը՝ ներկայիս 1%-ի փոխարեն (խոսքը շահութահարկի հաշվարկից դուրսգրման մասին է)։
Ինչպես նշեց փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, այդ փոփոխությունները հնարավոր են դարձել պետական եկամուտների կոմիտեի տվյալների բազաների թվայնացման և ապրանքների ավելի լավ հսկողության շնորհիվ: Այժմ հարկային տեսուչները կարող են, օրինակ, հետևել՝ պիտանելիության ժամկետի ավարտի պատճառով արդյոք ապրանքն իսկապես հետ է կանչվել խանութից, թե դրա անվան տակ ստվերային առևտուր է տեղի ունեցել:
Փոխվարչապետը հավելեց, որ հաջորդ քայլը պետք է լինի բիզնեսի հարկային հայտարարագրերի ավտոմատացումը։ Ինչպես ֆիզիկական անձանց հայտարարագրերի դեպքում, կոմիտեի ծրագրային ապահովումը պետք է գործարքների վերաբերյալ տվյալների հիման վրա ավտոմատ կերպով գեներացնի հայտարարագրերը: Դա կխնայի բիզնեսի ժամանակը և վարչական ծախսերը: