Ռուսաստանն այլևս չի պահպանում միջուկային մարտագլխիկների քանակի սահմանափակումները․ ՌԴ ԱԳՆ

Ավելի վաղ պայմանագրի ժամկետը երկարաձգելու կոչով հանդես էր եկել Հռոմի Պապը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի - Sputnik. Մոսկվան ելնում է այն վարկածից, որ Ռազմավարական հարձակողական սպառազինությունների հետագա կրճատման և սահմանափակման միջոցառումների մասին ռուս-ամերիկյան պայմանագրի (ՌՀՍՊ) կողմերն այլևս կապված չեն համաձայնագրի պարտավորություններով և ազատ են իրենց հետագա քայլերի ընտրության հարցում։ Այս մասին ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։
«Ռուսական նախաձեռնության վերաբերյալ ԱՄՆ-ից պաշտոնական արձագանք երկկողմ խողովակներով այդպես էլ չի ստացվել․․․ Գործնական տեսանկյունից մեր երկիրը իրադարձությունների նման զարգացումը դիտարկում է որպես փաստ, որը պետք է հաշվի առնել նշված ուղղությամբ Ռուսաստանի հետագա քաղաքականությունը որոշելիս»,-ասված է ՌՀՍՊ-ի ժամկետի լրանալու վերաբերյալ ՌԴ դիվանագիտական գերատեսչության հայտարարության մեջ։
Հայտարարության մեջ նաև հստակեցվում է, որ ամերիկյան կողմի հրապարակային մեկնաբանությունները հիմք չեն տալիս եզրակացնել, թե Միացյալ Նահանգները պատրաստ է հետևել ՌՀՍՊ ոլորտում Մոսկվայի առաջարկած գործողությունների կարգին։
«Ըստ էության` խոսքն այն մասին է, որ մեր գաղափարները միտումնավոր թողնվել են առանց պատասխանի։ Նման մոտեցումը սխալ է թվում և ցավալի է»,-եզրափակել են ԱԳՆ-ում։
Հռոմի պապը ՌԴ–ին և ԱՄՆ–ին կոչ է արել երկարաձգել «Պրահայի պայմանագիրը»
Գերատեսչությունում նշել են, որ Ռուսաստանը անփոփոխ կերպով պատրաստ է վճռական հակամիջոցների՝ իր անվտանգությանն ուղղված սպառնալիքները չեզոքացնելու համար։ ՌՀՍՊ գործողության դադարեցումից հետո երկիրը կգործի պատասխանատու և կշռադատված՝ վերլուծելով ԱՄՆ–ի քայլերն այս ոլորտում։ Միևնույն ժամանակ, Մոսկվան բաց է մնում ռազմավարական իրավիճակի կայունացման ուղիների որոնման համար։
Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական հարձակողական սպառազինությունների հետագա կրճատման և սահմանափակման միջոցառումների մասին պայմանագրի (ՌՀՍՊ) գործողության ժամկետը լրանում է 2026 թվականի փետրվարի 5-ին։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ ՌԴ-ն պատրաստ է պայմանագրի ժամկետի լրանալուց հետո ևս մեկ տարի պահպանել ՌՀՍՊ սահմանափակումները։
Կրեմլում հայտարարել էին, որ ՌՀՍՊ ժամկետի լրանալը բացասաբար կանդրադառնա ռազմավարական անվտանգության վրա, իսկ Ռուսաստանի առաջարկը մնում է օրակարգում։
ՌԴ ԶՈւ–ն հունվարին ավելի քան 10 հազար միավոր սպառազինություն է ստացել. Բելոուսով