Խաղալով բենզինի գների հետ՝ Բաքուն «շոշափում» է Հայաստանի շուկան. ռուսաստանցի փորձագետ

Բորիս Մարցինկևիչ
Եթե մատակարարումները շարունակվեն, ապա, ըստ Մարցինկևիչի, մինչև աշուն արդեն հնարավոր կլինի ինչ-որ եզրակացություններ անել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի - Sputnik. Բաքուն կարող է «խաղալ» Հայաստան մատակարարվող բենզինի և դիզվառելիքի գների հետ, որպեսզի, նախքան երկարաժամկետ պայմանագրերի կնքմանն անցնելը, գնահատի հայկական շուկայի հնարավորությունները։ Մեկնաբանելով ադրբեջանական մատակարարումների ֆոնին Երևանի բենզալցակայաններում գների նվազումը՝ Sputnik Արմենիա մամուլի կենտրոնի հարթակի միացմամբ «Էներգետիկայի արդիական հարցերը» թեմայով Մոսկվա-Երևան-Մինսկ-Տաշքենդ-Սուխում տեսակամուրջի ժամանակ նման տեսակետ հայտնեց էներգետիկայի ոլորտի ռուս փորձագետ, «Գեոէներգետիկա Ինֆո» վերլուծական ամսագրի գլխավոր խմբագիր Բորիս Մարցինկևիչը։
Հայաստան ադրբեջանական բենզինի մատակարարումների մեկնարկից հետո հանրապետության բենզալցակայաններում գները զգալիորեն նվազել են՝ բենզինը մեկ լիտրը միջինում էժանացել է 10-20 ցենտով։
«Բաքուն ակնհայտորեն շահագրգռված է իր վաճառքի շուկան ընդլայնելով, և, իհարկե, մտնում է փոքր խմբաքանակներով՝ գնահատելու այս շուկան, լոգիստիկան, վճարային համակարգերը և Հայաստանի հարկային համակարգը, տեսնելու, թե որքան արագ կշրջանառվի նավթամթերքի յուրաքանչյուր ցիստեռնը։ Ակնհայտ է, որ Ադրբեջանը հիմա ​​կարող է խաղալ գնի հետ, թեկուզ միայն շուկայի տարողունակությունը և վաճառքի արագությունը գնահատելու համար, այսինքն՝ հնարավո՞ր են միայն մեկանգամյա մատակարարումներ, թե՞ կարող են կնքվել երկարաժամկետ պայմանագրեր։ Այս ամենը պետք է ուսումնասիրվի», - ընդգծեց փորձագետը՝ պատասխանելով Sputnik Armenia-ի հարցին։
Նա նաև անդրադարձավ սոցիալական ցանցերի և ԶԼՄ-ների հայկական հատվածում շրջանառվող տեղեկություններին, թե Ադրբեջանն ինքը նավթավերամշակման հզորությունների կարիք ունի, ինչի պատճառով ստիպված է լինում բենզին ներկրել Ռուսաստանից, և որ հնարավոր է՝ Բաքվից Երևան մատակարարվող նավթամթերքը ռուսական ծագում ունի: Էներգետիկայի ոլորտի փորձագետը չբացառեց նման հնարավորությունը։
Մարցինկևիչը Sputnik Արմենիային ասաց, որ այդտեղ արտառոց բան չկա, դա աշխարհում ընդունված պրակտիկա է։ Նրա կարծիքով, հետագայում, եթե Հայաստանում համապատասխան պահանջարկ լինի, Ադրբեջանը կարող է ավելացնել իր նավթավերամշակման գործարանի հզորությունը:
«Այն, որ գնում են Ռուսաստանում և մատակարարում Հայաստան, նման դեպքեր աշխարհի ցանկացած երկրում հսկայական քանակությամբ են։ Այստեղ արտառոց բան չկա: Հնարավոր է՝ Բաքվի նավթավերամշակման գործարանի տեխնոլոգիական հնարավորությունները լիովին չեն օգտագործվում. նրանք պարզապես ուսումնասիրում են արտադրությունը ընդլայնելու որոշակի տեխնիկա-տնտեսական հիմնավորումներ՝ «ահա այստեղ մենք կարող ենք դադարեցնել ներմուծումը Ռուսաստանից, նշանակում է, որ մենք կարող ենք այդքան մեծացնել արտադրությունը: Նաև՝ ահա այսպիսի ծավալ կարելի է մատակարարել Հայաստան, գուցե՝ մի քիչ էլ»։ Դե, իսկ հետո հաշվարկվում է՝ ձեռնտու է, թե ոչ», - նշեց «Գեոէներգետիկա Ինֆո» պարբերականի գլխավոր խմբագիրը։
Ընդհանուր առմամբ, ըստ փորձագետի, դեռևս վաղ է մտածել մեծ օգուտների մասին Հայաստանին ադրբեջանական բենզինի և դիզվառելիքի սկզբնական մատակարարումներից: Նախ, Ադրբեջանին պետք է գնահատել նոր շուկան, իսկ Հայաստանին՝ հարմարվել մատակարարումների նոր աղբյուրին, լուծել լոգիստիկայի, վառելիքաքսուքային և այլ խնդիրներ։
Եթե մատակարարումները շարունակվեն, ապա, ըստ Մարցինկևիչի, մինչև աշուն արդեն հնարավոր կլինի ինչ-որ եզրակացություններ անել։
Ավելի վաղ ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը մամլո ասուլիսում հայտարարել էր, որ Ադրբեջանից (և այդ երկրի միջոցով) բենզինի ներմուծման ազդեցությունը Հայաստանում գների վրա կազդի հունվարի ֆինանսական արդյունքների վրա: