ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի - Sputnik. ՀՀ-ում պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվողների առումով դրական ցուցանիշ կա՝ նախորդ տարվա համեմատ այդ թիվն ավելացել է 33-ով։
Այս մասին տարեկան ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։
«Մենք կատարելագործում ենք բանտից պայմանական վաղաժամկետ ազատ արձակելու հարցը։ Ես բազմիցս ասել եմ` համաներում չի լինելու, փոխարենը մենք կենտրոնանում ենք անձանց անհատականացնող մեթոդների վրա։ Պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու ինստիտուտը հենց այդ մեթոդներից է։ 2025 թվականին պատժից վաղաժամկետ ազատվել է 171 անձ, իսկ 2024-ի ընթացքում՝ 138-ը»,- ասաց Գալյանը։
Նա ընդգծեց, որ զեկույցների որակը լավարկելու են, ինչը հնարավորություն կտա դատարաններին ավելի հաճախ կիրառել այս ինստիտուտը։