ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի – Sputnik. Իրանի գերագույն հոգևոր առաջնորդի խորհրդական Ալի Շամխանին հնարավոր է համարել ԱՄՆ-ի հետ ուղիղ բանակցությունները, եթե անուղղակի շփումների ժամանակ փոխըմբռնման հասնեն։
«Դրանց (ուղիղ բանակցություններին – խմբ.) պետք է նախորդեն անուղղակի բանակցությունները։ Եթե փոխըմբռնում ձեռք բերվի, և եթե դա արագ տեղի ունենա, ապա հնարավոր կլինի անցնել ուղիղ բանակցությունների», – լիբանանյան «Al Mayadeen» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Շամխանին։
Նրա խոսքով` այդ դեպքում բանակցությունները կառնչվեն միայն միջուկային հարցին։ Նման սահմանափակումը, ըստ Շամխանիի, բանակցությունների պայմանն է։
Բացի այդ, Իրանի գերագույն հոգևոր առաջնորդի խորհրդականը երկխոսության երկու պայման է նշել. առաջինը՝ այն պետք է տեղի ունենա առանց սպառնալիքների մթնոլորտի և սպառնալիքային գործիքների կիրառման, երկրորդը՝ երկու կողմերն էլ պետք է արդարացիորեն ներկայացված լինեն բանակցությունների սեղանի շուրջ. բանակցությունները պետք է սկսվեն փոխըմբռնման հասնելուց հետո՝ առանց անտրամաբանական և անհիմն պահանջների։
«Եթե բանակցությունները սկսվեն իմ նշած երկու պայմանների դեպքում... ապա, իհարկե, կա ամերիկյան կողմի հետ ուղղակի և անուղղակի հանդիպումների հնարավորություն», – նշել է նա։
Ավելի վաղ ԶԼՄ–ները հայտնել էին, որ ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիտկոֆը փետրվարի 6–ին Ստամբուլում կհանդիպի Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի հետ՝ քննարկելու Իրանի միջուկային ծրագիրը՝ երկրների միջև պահպանվող լարվածության ֆոնին։