ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի - Sputnik. Այսօր ժամը 9։00– դրությամբ Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։ Այս մասին հայտնում է Ճանապարհային դեպարտամենտը։
«Արագածի տարածաշրջանում և Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» կոչվող հատվածից մինչև Գորայք բնակավայր ձյուն է տեղում, Աշոցքի, Արթիկի, Ապարանի տարածաշրջաններում` ձնախառն անձրև, իսկ Վանաձորի, Թումանյանի, Ճամբարակի, Թալինի, Հրազդանի, Սիսիանի տարածաշրջաններում՝ անձրև»,–ասվում է հաղորդագրության մեջ։
Ճանապարհային դեպարտամենտը վարորդներին հորդորում է լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Դեպարտամենտից միաժամանակ վստահեցնում են, որ ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները: