Երաժշտության աշխարհի ամենահեղինակավոր մրցանակաբաշխությունը` «Գրեմմի 2026»–ն այս տարի առանձնացել է քաղաքական հայտարարություններով։ Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը։
68-րդ մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել Լոս Անջելեսում։ Մրցանակներ են ստացել ռեփեր Քենդրիկ Լամարը (5 մրցանակի է արժանացել), ինչպես նաև երգչուհիներ Բիլի Այլիշը և Լեդի Գագան։
«Տարվա ալբոմ» անվանակարգում մրցանակի է արժանացել պուերտոռիկացի ռեփեր Բեդ Բաննին (Bad Bunny)։ Նրա ալբոմը կոչվում է «Debi Tirar Mas Fotos», որը լատինաամերիկյան ռեգեթոնի ոճով է։ Սա «Գրեմմիի» պատմության մեջ առաջին դեպքն է, երբ ամբողջությամբ իսպանալեզու ալբոմն արժանանում է գլխավոր մրցանակին։ Բեդ Բաննին մրցանակը վերցնելիս խոսել է Մինեսոտայում ԱՄՆ ներգաղթի և մաքսային վերահսկողության ծառայության գործողությունների հետևանքով սպանության դեպքերի մասին։
«Նախքան Աստծուն շնորհակալություն հայտնելը կասեմ. «Կորչի՛ ICE-ը»։ Մենք բարբարոսներ չենք, մենք կենդանիներ չենք, մենք օտարերկրացիներ չենք, մենք մարդիկ ենք և մենք ամերիկացիներ ենք»,- հայտարարել է երաժիշտը։
Արարողության մասնակիցներից շատերն այդ պահին ոտքի են կանգնել՝ ի պաշտպանություն նրա խոսքերի:
Երգչուհի Բիլլի Այլիշը, որը «Գրեմմի» մրցանակի է արժանացել «Լավագույն երգ» անվանակարգում («Wildflower» երգի համար), նույնպես բողոքի կոչեր է հնչեցրել։
«Իսկապես դժվար է իմանալ՝ ինչ ասել և ինչ անել հենց հիմա։ Կարծում եմ՝ մենք պարզապես պետք է շարունակենք պայքարել, շարունակել խոսել և շարունակել բողոքել։ Մեր ձայներն իսկապես կարևոր են, իսկ մարդիկ նշանակություն ունեն»,- ասել է Բիլին։
Այս տարվա մրցանակաբաշխության ժամանակ ամենաշատ մրցանակները ստացել է 38-ամյա ռեփեր Քենդրիկ Լամարը։ Նա առաջադրվել է 9 անվանակարգում և հաղթել 5–ում` իր մրցանակների թվով գերազանցելով Ջեյ Զիին և դառնալով պատմության մեջ ամենաշատ պարգևատրված ռեփերը։
Լեդի Գագան «Գրեմմի» մրցանակի է արժանացել «Լավագույն փոփ վոկալ ալբոմ» («Mayhem»), «Լավագույն պարային ձայնագրություն» («Abracadabra») և «Լավագույն ռեմիքս» անվանակարգերում։ Լեդի Գագան էլ կոչով դիմել է կին երաժիշտներին` հորդորելով պաշտպանել սեփական ստեղծագործական ուղին։
«Գիտեմ՝ երբ մտնում ես ստուդիա, իսկ այնտեղ մեծ թվով տղամարդիկ կան, դա անելը դժվար է։ Բայց ես հորդորում եմ պայքարել ձեր երգերի համար, պայքարել ինքներդ ձեզ համար որպես պրոդյուսեր։ Եվ անել այնպես, որ ձեզ լսեն»,- ասել է երգչուհին։
Հիշեցնենք՝ Մինեսոտա նահանգի Մինեապոլիս քաղաքում ԱՄՆ ներգաղթի և մաքսային հսկողության (ICE) գործողության ժամանակ մահվան ելքով միջադեպ է տեղի ունեցել, որը կտրուկ արձագանք է առաջացրել քաղաքային և դաշնային մակարդակներում: Գերատեսչության աշխատակիցը գնդակահարել է մի կնոջ, որը, ուժայինների վարկածով, փորձել է ավտոմեքենայով վրաերթի ենթարկել իրավապահներին:
Թրամփի վարչակազմը պնդում է, որ բոլոր անօրինական ներգաղթյալներին արտաքսելու անհրաժեշտություն կա, և ICE-ը տարբեր քաղաքներում գործողություններ է իրականացնում նրանց նկատմամբ, ինչին դեմ են շատ ամերիկացիներ։