Փաշինյանն ու Ալիևը փետրվարի 4–ին Աբու Դաբիում կստանան «Զայեդ» մրցանակը

«Զայեդը» միջազգային մրցանակ է, որը հիմնադրվել է 2019 թվականին Արաբական Միացյալ Էմիրություններում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կմեկնեն Աբու Դաբի, որտեղ փետրվարի 4-ին նրանց կհանձնվի «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակը։

«ՀՀ վարչապետը փետրվարի 4-ին ներկա կգտնվի Շեյխ Զայեդ հիմնադրամի «Մարդկային եղբայրության համար» մրցանակաբաշխությանը»,– Aysor.am-ին ասել է Փաշինյանի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը:

Հիշեցնենք` ՀՀ կառավարությունը հունվարի 19-ին հայտնեց, որ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարներն արժանացել են «Զայեդ» մրցանակի, մարդկային եղբայրության մրցանակի գլխավոր քարտուղար Մուհամմադ Աբդելսալամը ընդգծել է Նիկոլ Փաշինյանի շարունակական, հետևողական և սկզբունքային ջանքերը՝ ուղղված խաղաղության հաստատմանն ու ամրապնդմանը։
«Զայեդը» (լիարժեք անվանումը՝ Zayed Award for Human Fraternity) միջազգային մրցանակ է, որը հիմնադրվել է 2019 թվականին Արաբական Միացյալ Էմիրություններում` կաթոլիկ և իսլամական աշխարհի առաջնորդների նախաձեռնությամբ։ Այն կրում է ԱՄԷ-ի հիմնադիր առաջնորդի՝ Շեյխ Զայեդ բին Սուլթան Ալ Նահյանի անունը։