Փաշինյանի խոսնակը հերքում է Երևանում ԼԳԲՏ շքերթի անցկացման շուրջ խոսակցությունները

Նազելի Բաղդասարյանը կարծում է, որ շրջանառվող նյութը հիբրիդային ազդեցության արշավների բաղադրիչ է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի – Sputnik. Լուրերը, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավանություն է տվել ապրիլի 7-ին Երևանում ԼԳԲՏ համայնքի շքերթի անցկացմանը, չեն համապատասխանում իրականությանը։ Այս հայտարարությունն արել է ՀՀ վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։

«Շրջանառվող նյութը կրում է օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիոն միջամտության (FIMI) բնորոշ հատկանիշներ և հանդիսանում է հիբրիդային ազդեցության արշավների բաղադրիչ։ Հրապարակման հեղինակ Օկայ Դեմփրեյը նախկինում ևս բազմիցս տարածել է Հայաստանի Հանրապետության պետական ինստիտուտների վերաբերյալ ոչ հավաստի և մանիպուլյատիվ տեղեկատվություն, ինչը արձանագրվել է ինչպես հայկական, այնպես էլ միջազգային փորձագիտական շրջանակների կողմից»,– գրել է Բաղդասարյանը սոցցանցում։

Ըստ նրա` նման հրապարակումների նպատակը հանրային բևեռացումն է և ընտրական գործընթացներին ընդառաջ պետական ինստիտուտների նկատմամբ վստահության թուլացումը։
Նշենք, որ ԼԳԲՏ համայնքի շքերթի մասին լուրը տարածել էին թուրքական և ադրբեջանական լրատվամիջոցները։