ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի – Sputnik. Հնարավոր է` Թեհրանն ու Վաշինգտոնը բանակցություններ սկսեն առաջիկա օրերին։ Տեղեկությունը հայտնում է «Tasnim» գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրին։
«Իրազեկ աղբյուրը հայտնել է, որ Իրանն ու ԱՄՆ-ն առաջիկա օրերին կարող են բանակցություններ սկսել երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ», - ասված Է հաղորդագրության մեջ:
Ըստ նույն աղբույրի` ճշգրիտ վայրը և օրը դեռ որոշված չեն, բայց բանակցությունները կարող են տեղի ունենալ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի և ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիտկոֆի մակարդակով:
Ավելի վաղ «Axios»–ը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ Թուրքիան, Եգիպտոսը և Կատարը աշխատում են հաջորդ շաբաթ Անկարայում ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիտկոֆի և Իրանի բարձրաստիճան ներկայացուցիչների հանդիպում կազմակերպելու ուղղությամբ:
Հիշեցնենք` հունվարի 22-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ ԱՄՆ ռազմածովային ուժերի նավերը համենայն դեպս շարժվում են դեպի Իրան։ Մինչ այդ նա չէր կարողացել հստակ պատասխանել այն հարցին` արդյոք օրակարգից հանված է Իրան ռազմական ներխուժման տարբերակը, թե ոչ։ Նա միայն նշել էր, որ չի կարող ասել, թե ինչ կլինի ապագայում։
Ավելի վաղ Թրամփը աջակցություն էր հայտնել Իրանի բողոքի ցույցերի մասնակիցներին և հնարավոր էր համարել Իրանի Իսլամական Հանրապետության դեմ ցանկացած գործողություն, այդ թվում` օդային հարվածներ։ Թեհրանն իր հերթին հայտարարել էր, որ ԱՄՆ առաջնորդի հայտարարությունները սպառնում են Իրանի ինքնիշխանությանը։