ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի – Sputnik, Արամ Գարեգինյան. Հայաստանում շինարարության և խաղային ոլորտների ընկերությունները զգալիորեն ավելացրել են հարկային վճարումները։ Այս մասին են վկայում 1000 խոշոր հարկատուների տվյալները, որոնք վերջերս հրապարակել է ՊԵԿ-ը։ Մենք չենք անդրադառնում ամենախոշոր 10 հարկատուներին, քանի որ արդեն խոսել ենք նրանց մասին: Չենք ներկայացնում նաև բանկային հատվածի վերաբերյալ մեր մեկնաբանությունները (փոխարենը առաջարկում ենք ընթերցել ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանի մեկնաբանությունը)։ Անդրադառնանք մյուս ոլորտներին՝ սկսելով հանքարդյունաբերող ընկերություններից։
Ո՞ւր են պղնձի և ոսկու եկամուտները
Պղնձի և ոսկու համաշխարհային գները 2025 թվականին աճել են, սակայն Հայաստանի հանքարդյունաբերական ընկերությունների հարկային վճարումները 2024 թվականի համեմատ նվազել են շուրջ 27 մլրդ դրամով (մոտ 70 մլն դոլար)՝ հասնելով մոտ 101 մլրդ դրամի (262 մլն դոլար)։ Բայց ոլորտի ֆինանսական վիճակը չի վատացել, հակառակը` շահութահարկի գծով նրանք վճարել են մոտ 10 մլն դոլար ավել։
Ընդհանուր առմամբ հանքարդյունաբերողների վճարումները նվազել են երկրի խոշորագույն հանքարդյունաբերողի՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ռոյալթիների (մետաղական հանքաքարի արդյունահանման վճար) խիստ կրճատման պատճառով: Ընկերությունը 2023 թվականը փակել էր զգալիորեն ավելի մեծ շահույթով, քան 2024 թվականը, ուստի 2024-ին վճարել է ավելի շատ ռոյալթիներ:
Հստակեցնենք՝ ընկերությունները շահութահարկը վճարում են հաջորդ տարվա ապրիլի վերջին, ուստի 2023-ի բարձր շահույթի համար ԶՊՄԿ-ն «փակվել է» 2024-ին, իսկ 2024-ի նվազած շահույթի համար՝ 2025-ին։ Ըստ այդմ` 2025 թվականին արձանագրված ոսկու և պղնձի թանկացումը կազդի ոլորտային ընկերությունների հարկային վճարումների վրա միայն ընթացիկ 2026 թվականին (հատկապես հաշվի առնելով, որ ի լրումն գործող ոսկու հանքերի, Ամուլսարի խոշոր հանքավայրը կարող է վերսկսել աշխատանքը)։
Խաղային ոլորտում կրկին աճում են աշխատավարձերը
Առցանց խաղային հարթակները 2025 թվականին բյուջե են վճարել 78,3 մլրդ դրամ (ավելի քան 203 մլն դոլար), ինչը մեկուկես անգամ (72 մլն դոլարով) շատ է 2024 թվականի ցուցանիշից։
Նշված 72 մլն դոլարից մոտ 29 միլիոնն ապահովվել է պետական տուրքի հաշվին, որը 2025 թվականին կրկնապատկվել է։ 22 միլիոն աճը բաժին է ընկել եկամտահարկին (փաստորեն, չնայած տուրքերի աճին` ոլորտի ընկերությունների գործերը վատ չեն)։ Հատկանշական է, որ իրենց մոտ զգալիորեն աճել են նաև աշխատավարձերը։ Խաղային ոլորտում աշխատավարձերի վերաբերյալ առանձին վիճակագրություն չի հրապարակվում, ուստի ներկայացնում ենք մեր մոտավոր հաշվարկը՝ հիմնված անուղղակի ցուցանիշների վրա:
Այստեղ միջին աշխատավարձը մեկ տարվա ընթացքում (2025-ի նոյեմբերին՝ 2024-ի նոյեմբերին) աճել է՝ 476 հազար դրամից հասնելով 519 հազար դրամի (1 358 դոլար, հարկերից հետո՝ 380 հազար դրամ կամ 996 դոլար), իսկ աշխատակիցների թիվը 13,6 հազարից հասել է 14 հազարի: Մեր հաշվարկների օգտին են խոսում նաև այն, որ ընկերությունների եկամտահարկի վճարներն ավելացել են մոտ 40%–ով կամ մոտ 17 մլն դոլարով։
Հավելենք, որ հայաստանյան խաղային և բուքմեյքերական հարթակները եկամուտների զգալի մասը ստանում են արտերկրից, բայց Հայաստանում ևս դրանց հաճախորդները շատ են (չնայած ընդունված մի շարք սահմանափակումներին)։
Կրճատվել է ռելոկանտների ՏՏ բիզնեսը
ՏՏ ոլորտից հարկային մուտքերը նվազել են մոտ 10 մլն դոլարով՝ 83,2 մլրդ դրամից (216 մլն դոլար) հասնելով 79,6 մլրդ դրամի (206 մլն դոլարից մի փոքր շատ)։ Նշված 10 մլն դոլարը գրեթե ամբողջությամբ բաժին է ընկել ռուսաստանցիների հիմնած կամ ՌԴ-ից տեղափոխված ՏՏ ընկերություններին, որոնց մուտքերը 34,6 մլրդ դրամից նվազել են մինչև 30,2 մլրդ դրամ (78,5 մլն դոլար), իսկ 1000 ամենախոշոր հարկատուների ցանկում դրանց թիվը 23-ից նվազել է մինչև 19։
Շինարարական բիզնեսի «կապիտալիստական» շահույթները
Գրեթե 75%-ով աճել են շինարարական ընկերությունների վճարած հարկերը։ Ըստ հաշվարկի` դրանցից մուտքերն աճել են գրեթե 93 մլն դոլարով՝ հասնելով 82,4 մլրդ դրամի (214 մլն դոլար)։ Ցուցակում ներառված ընկերությունների թիվը 56-ից հասել է 90-ի։ Երկու դեպքում էլ ուսումնասիրել ենք միայն բուն շինարարական ընկերությունները (առանց օժանդակ ոլորտների):
Հարկերի աճը կապված է այն բանի հետ, որ աստիճանաբար խաղի մեջ են մտնում այն ընկերությունները, որոնք մինչև 2025 թվականը Երևանում զանգվածաբար հողակտորներ են ամրագրել, որպեսզի հասցնեն իրենց նախագծերը տեղավորել եկամտահարկի վերադարձի ռեժիմի տակ։ Այժմ այդ շենքերի կառուցումն աստիճանաբար ավարտվում է, իսկ շինարարները շահույթ են ստանում վաճառքից և սկսում ավելի շատ հարկեր վճարել։ Բացի այդ, 2025 թվականից ուժի մեջ են մտել օրենսդրական փոփոխություններ, որոնց համաձայն՝ կառուցապատողները պարտավոր են հարկեր վճարել ոչ միայն պատրաստի բնակարաններից, այլև դրանց նախավաճառքից, ինչը կազմում է նրանց եկամտի մեծ մասը (քանի որ Հայաստանի պայմաններում նորակառույցների բնակարանների մեծ մասը վաճառվում է շենքի կառուցման ավարտից առնվազն 1-2 տարի առաջ: Մինչև 2025 թվականը կառուցապատողները, կատարելով նախավաճառք, կարող էին իրենց եկամտից գոյացած հարկը վճարել 1-2 տարի անց, սակայն 2025 թվականից սկսած` այս արտոնությունը չի գործելու։
Ասել է, թե շինարարական ոլորտը զարգանում է «կապիտալիստական» ուղիով, քանի որ շահույթների հիմնական «կտորը» բիզնեսը թողնում է իրեն, այլ ոչ թե աշխատողներին։ Նշված 93 մլն դոլարի հարկերի աճի մեջ եկամտահարկը կազմել է ընդամենը 7 մլն դոլար, այսինքն՝ շինարարների աշխատավարձային ֆոնդը նման բարձր տեմպերով չի աճել։ Ոլորտում միջին աշխատավարձը մեկ տարում աճել է մոտ 8%-ով և կազմել մոտ 274 հազար դրամ, առանց հարկերի` 200 հազար դրամ: Իսկ եթե շինարարության բանվորների աշխատավարձի մի մասը ստվերային է վճարվում, ապա դա մի ռիսկ է, որի մասին բազմիցս գրել ենք։ Թեև նշենք, որ շինարարական ոլորտի ամենալուրջ «ստվերը» ամենևին էլ բանվորների աշխատավարձերը չեն...