Ադրբեջանը հավակնում է առաջատար լինել տարածաշրջանում, բայց ամեն ինչ այդքան հեշտ չէ. Արեշև

Sputnik Արմենիա ռադիոկայանի եթերում Արման Վանեսքեհյանի «Իրականում» հեղինակային նախագծի շրջանակում Հարավային Կովկասում և նրա շուրջ ստեղծված իրավիճակը մեկնաբանում է քաղաքական մեկնաբան, Ռազմավարական մշակույթի հիմնադրամի փորձագետ Անդրեյ Արեշևը։
Sputnik

Ներկա իրավիճակում Հարավային Կովկասի նկատմամբ ԱՄՆ-ի մեծ ուշադրությունը միանգամայն բացատրելի է

Թրամփի վարչակազմը վերջին շրջանում մեծ ուշադրություն է հատկացնում Հարավային Կովկասի նկատմամբ, ինչը պայմանավորված է առաջին հերթին տարածաշրջանի սերտ կապով ոչ միայն հետխորհրդային մյուս երկրնեերի, այլև Մերձավոր Արևելքի՝ Սիրիայի, Թուրքիայի, Իրանի հետ: Այս կարծիքին է քաղաքական մեկնաբան, Ռազմավարական մշակույթի հիմնադրամի փորձագետ Անդրեյ Արեշևը։
Կնքվել են պայմանագրեր և համաձայնագրեր, մասնավորապես՝ «Թրամփի ուղին» (TRIPP) նախագիծը։ Հայաստանի և Ադրբեջանի հետ ամերիկացիների համագործակցության խորացման միտումներ են նկատվում ուղղությունների լայն սպեկտրով՝ էներգետիկայից մինչև արհեստական բանականության ոլորտ։
«Հայկական և տարածաշրջանային ԶԼՄ-ներում արդեն հիշատակվել է Էրիկ Փրինսի արշավը, ավելի ճիշտ՝ նրա մտահղացումներից մեկը (խոսքը ամերիկյան մի քանի մասնավոր ռազմական ընկերությունների մասին է–խմբ.), որը կարող էր դեսանտ իջնել Արաքսի ափերին, որպեսզի իր վրա վերցներ անվտանգության ինչ–ինչ գործառույթներ (խոսքը այսպես կոչված «Թրամփի ուղու» մասին է–խմբ.), - ասում է Արեշևը։
Սակայն Tripp Development Company-ի հիմնադրման մասին շրջանակային փաստաթղթերում, որոնք ստորագրվել են ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի կողմից Վաշինգտոնում, անվտանգության հարցերին պատշաճ անդրադարձ չկա»,- ասում է Արեշևը։
ՀՀ իշխանությունները փորձում են «նստել երկու աթոռի վրա». Արեշևը` ԵՄ–ԵԱՏՄ մանևրների մասին
Ամենայն հավանականությամբ, ենթադրում է փորձագետը, նեկայում դա ոչ պաշտոնական բանակցությունների թեմա է։ Ընդ որում, նույնիսկ ոչ թե ինչ-որ պետական կառույցների, այլ մասնավոր բարձրտեխնոլոգիական կորպորացիաների գծով, որոնք ինչ-որ չափով արդեն դարձել են անկախ և ինքնաբավ խաղացողներ։ Սա բավական վտանգավոր իրավիճակ է, քանի որ շատ խաղացողներ ենթադրում են ամենատարբեր շահեր` հատկապես հաշվի առնելով Իրանի հետ սահմանի մոտիկությունը:

Ռուսաստանը տարածաշրջանում ստիպված է գործել բարձր մրցակցային միջավայրում

«Կրեմլում, անկասկած, տարբեր քննարկումներ են ընթանում այն ​​​​մասին, թե ինչ ձևաչափերով կարող է վարվել ռուսական քաղաքականությունը (Հարավային Կովկասում - խմբ.), այդ թվում՝ Հայաստանի հետ կապված։ Ամենայն հավանականությամբ` սա վերաբերում է խոշոր կորպորացիաներին, որոնք արդեն ներկայացված են Հայաստանում այս կամ այն ​​​​կերպ․ «Ռուսական երկաթուղիներ» (ՀԿԵ) և «Ռոսատոմ» (Մեծամորի ատոմակայան)։ Բայց միևնույն ժամանակ մենք հասկանում ենք, որ Ռուսաստանն այստեղ գործում է բարձր մրցակցային միջավայրում», - վստահ է Արեշևը։
Փորձագետի կարծիքով՝ Ռուսաստանի ներգրավվածությունն Ուկրաինական պլացդարմում ձգձգվող զինված հակամարտությունում, որն անմիջականորեն առնչվում է ռուսական տարածքին, բնավ չի նպաստում ուշադրության կենտրոնացմանը այլ ուղղություններով` մասնավորապես հետխորհրդային տարածքում: Բայց Հարավային Կովկասը Ռուսաստանի համար անշուշտ կարևոր է։ Հայաստանն ու Ադրբեջանը չափազանց անհրաժեշտ են և՛ լոգիստիկայի, և՛ կոմունիկացիաների, և՛ առևտրի տեսանկյունից։ Եվ Մոսկվայում, ըստ քաղաքագետի, այդ ամենն իսկապես հասկանում են։
«Մենք արդեն հասկանում ենք, որ Հայաստանի առևտուրը Ռուսաստանի հետ լրջորեն նվազել է։ Իսկ Ադրբեջանի հետ, չնայած բոլոր քաղաքական տարաձայնություններին, հավասարակշռությունը պահպանվում է նույն մակարդակի վրա, ինչ նախկինում։ Այստեղ մեծ աշխատանք է պետք։ Պետք է սինքրոնացնել ինչպես տնտեսական, այնպես էլ աշխարհաքաղաքական բնույթի տարբեր նախագծեր այն անկանխատեսելիության հետ, որով բնորոշվում են գործընթացները ինչպես տարածաշրջանում, այնպես էլ ողջ հետխորհրդային տարածքում», - ասում է Արեշևը։

Տարածաշրջանում ուժերի հարաբերակցությունը միջնաժամկետ հեռանկարում կանխատեսել հնարավոր չէ

Ինչ վերաբերում է Հարավային Կովկասի տարածաշրջանային անվտանգության թեմային, ապա քաղաքագետը դա բացատրում է հետևյալ կերպ. Հայաստանի հարևան երկիրը՝ Ադրբեջանը, հայտարարում է իր նկրտումների մասին և հավակնում Հարավային Կովկասում տարածաշրջանային առաջնորդի դերին: Բաքուն առաջարկում է իր նախագծերը և գործում է ավելի ուժեղ դիրքերից, առաջարկում է ինչ-որ խաղի կանոններ, որոնց հետ և՛ Հայաստանը, և մասամբ Վրաստանը կարծես ստիպված կլինեն համաձայնել։
Ինչու է Հայաստանի իշխանություններին պետք «Խաղաղության խաչմերուկը». ռուս քաղաքագետի կարծիքը
«Բայց, իմ կարծիքով, ամեն ինչ այնքան էլ պարզ չէ, ինչպես կարող է ի սկզբանե թվալ։ Հարավկովկասյան երեք երկրներն էլ բնութագրվում են իրենց ինչ-որ ներքին դինամիկայով և իրենց խնդիրներով։ Սա բացառում է այդ երկրներից որևէ մեկի ղեկավարության միանշանակ դերը։ Այնպես որ, ինձ թվում է, տարածաշրջանային համակարգը դեռևս ձևավորման փուլում է, և մենք հիմա չենք կարող ասել, թե ինչպիսին կլինի տարածաշրջանային ուժերի հարաբերակցությունը միջնաժամկետ հեռանկարում», - նշում է փորձագետը։
Հիմա կողմերն, ըստ Արեշևի, առաջին հերթին մտահոգված են գոյատևման խնդիրներով և ինչ-որ կարճաժամկետ նպատակներով։ Հայաստանում սրանք հունիսին սպասվող խորհրդարանական ընտրություններն են, իսկ Ադրբեջանի համար վերջնական ամրագրումն է այն ստատուս քվոյի, որը ստեղծվել է տարածաշրջանում 2020-ի և 2023-ի իրադարձություններից հետո։ Եվ իհարկե թուրք-ադրբեջանական կոմունիկացիոն նախագծերը հնարավորինս արագ իրականացնելու ցանկությունը՝ դրանցում ամերիկյան ընկերությունների ներգրավմամբ։