ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի – Sputnik․ Ադրբեջանցիները կոտրել են Արցախի Մարտակերտի շրջանի Վաղուհաս գյուղի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու բակում տեղադրված խաչքարերից առնվազն մեկը, պոկել եկեղեցու սրբապատկերները։ Այդ մասին ահազանգել է «Գեղարդ» հիմնադրամը` ներկայացնելով իր ձեռք բերած փաստական նյութերը։
Արցախի Մարտակերտի շրջանի Վաղուհաս գյուղի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու բակի խաչքարը նախկինում և հիմա
«Ցավալի է, որ քրիստոնեական արժեքների պահպանմամբ շահագրգիռ միջազգային կառույցներն ու դրանցում ներգրավված անձինք կարծես թե չեն նկատում համընդհանուր քրիստոնեական ժառանգության մաս կազմող հայկական քրիստոնեական հուշարձանների պահպանման հարցի կարևորությունը»,– նշել են հիմնադրամից:
Արցախի Մարտակերտի շրջանի Վաղուհաս գյուղի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին
«Գեղարդից» հիշեցրել են, որ տարիներ շարունակ Ադրբեջանը միջազգային հարթակներում փորձում է ներկայանալ իբրև «բազմամշակութային» և «հանդուրժող» պետություն, մինչդեռ միջազգային հանրության համար կերտված այս «իմիջը» միջոց է քողարկելու իր հայատյաց քաղաքականությունը, որի դրսևորումներից է այդ պետության տարածքում հայտնված մշակութային կոթողների ոչնչացումը կամ յուրացումը: