ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի-Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Գրենլանդիայի հարցով եվրոպացի առաջնորդների հետ բանակցություններ սկսելու մասին:
«Հուսով եմ, որ դա լավ գործարք կլինի բոլորի համար։ Ազգային անվտանգության տեսանկյունից սա շատ կարևոր գործարք է։ Կարծում եմ՝ մենք գործարք կկնքենք»,- ասել է նա լրագրողներին։
Նրա խոսքով՝ Եվրոպան ցանկանում է, որ ԱՄՆ-ն վերահսկողություն ստանա կղզու նկատմամբ։ Բացի այդ, Թրամփը հայտնել է, որ Վաշինգտոնը «լուրջ բանակցություններ» է վարում Իրանի հետ նրա միջուկային ծրագրի շուրջ:
Ավելի վաղ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն Եվրախորհրդարանում ելույթի ժամանակ փորձել էր արդարացնել Թրամփի հավակնությունները Գրենլանդիայի նկատմամբ՝ հայտարարելով, որ Արկտիկայում «հավաքական անվտանգության խնդիր կա», ուստի ՆԱՏՕ-ն պետք է զբաղվի տարածաշրջանում Ռուսաստանի և Չինաստանի ակտիվության հարցով:
Ավելի վաղ Axios գործակալությունը հայտնել էր, որ հունվարի 22-ին կայացել են ԱՄՆ նախագահի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի բանակցությունները: Պարբերականի տեղեկություններով՝ քննարկվել է Գրենլանդիայի վերաբերյալ հնարավոր համաձայնագիրը, որը թույլ կտա Միացյալ Նահանգներին ուժեղացնել ռազմական ներկայությունը կղզում և արտոնություններ ստանալ օգտակար հանածոների արդյունահանման գործում: