ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի – Sputnik. 2025 թվականին Վրաստան մատակարարված ռուսական նավթի ծավալն աճել է ավելի քան 16 անգամ՝ հասնելով ռեկորդային 95,8 միլիոն դոլարի: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Վրաստանի մաքսատան և «Comtrade» հարթակի տվյալների վերլուծությանը։
Վրաստան ներմուծված ռուսական նավթի ծավալն անցյալ տարի 10,5 հազար տոննայից հասել է 225,3 հազար տոննայի։
Մատակարարումների գծով նախորդ առավելագույն ցուցանիշը գրանցվել էր 2016 թվականին, երբ Վրաստանը Ռուսաստանից ներկրել էր 10,8 մլն դոլարի 39,6 հազար տոննա նավթ:
Անցյալ տարվա ընթացքում ամենամեծ պահանջարկը եղել է հոկտեմբերին, երբ վրացական ընկերությունները ներմուծել են 46,7 միլիոն դոլարի 99 հազար տոննա նավթ: Իսկ դեկտեմբերին ներմուծվել է 35,8 մլն դոլարի 91,7 հազար տոննա նավթ։
2025 թվականին Վրաստանը նավթ է գնել նաև Ադրբեջանից։ Իրականացվել է մոտ 2 հազար տոննայի երկու մատակարարում՝ ընդհանուր 1,8 մլն դոլար արժեքով: