ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի – Sputnik. Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ երկրի իշխանությունները պարտավոր են վերանայել իրենց վարքագիծը և գործողությունները քաղաքացիների նկատմամբ, որպեսզի արտաքին ուժերին միջամտելու առիթ չտան։ Այս մասին հայտնում է «Mehr» գործակալությունը։
«Վերջին փորձը ցույց տվեց, որ ոխերիմ թշնամիները` ներառյալ սիոնիստական ռեժիմը և նրա արևմտյան հովանավորները, անընդհատ փորձում են հրահրել ու պառակտել Իրանը։ Նրանք, օգտագործելով սոցիալական պահանջները, փորձում են բողոքի ցույցերը վերածել քաղաքացիական պատերազմի»,- նշել է պետության ղեկավարը։
Փեզեշքիանն ընդգծել է, որ իշխանությունները պետք է ականջալուր լինեն խաղաղ ցուցարարներին և լուծեն նրանց իրական խնդիրները։
«Մենք պարտավոր ենք վերանայել մեր վարքագիծը և գործողությունները ժողովրդի նկատմամբ, թույլ չտանք չարակամներին բողոքի ցույցերը վերածել ատելության»,- ասել է նախագահը։
Հիշեցնենք` Իրանում բողոքի զանգվածային ակցիաներ են անցկացվում 2025–ի դեկտեմբերի 28-ից։ Դժգոհության հիմնական պատճառները փոխարժեքի տատանումներն են ու գների բարձրացումը։ Սակայն ավելի ուշ Իրանի մի շարք քաղաքներում բողոքի ակցիաները վերաճեցին ոստիկանության հետ բախումների, իսկ կարգախոսները ստացան քաղաքական բնույթ՝ ընդդեմ Իրանում առկա քաղաքական կարգի:
Հունվարի 2-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, թե ԱՄՆ–ն պատրաստ է պաշտպանել Իրանի քաղաքացիներին, եթե այդ երկրի իշխանությունները ուժ կիրառեն նրանց դեմ: Թեհրանը դատապարտեց այդ սպառնալիքները։
Հունվարի 8-ին Իրանում տեղի ունեցան ամենամասշտաբային բողոքի ցույցերը, որոնք հրահրվել էին 1979 թվականին տապալված շահի որդու՝ Ռեզա Փահլավիի կոչով: Այնուհետև փողոց դուրս եկան գործող իշխանության կողմնակիցները։