ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի – Sputnik. Եվրոպական առաջնորդները Բրյուսելում կայացած հանդիպման ժամանակ քննարկել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականությանն արձագանքելու միջոցները: Այս մասին հայտնում է «The New York Times»–ը՝ հղում անելով իր աղբյուրներին:
Հանդիպումը, որն ավարտվել է հունվարի 23-ի գիշերը, նվիրված է եղել Գրենլանդիայի շուրջ ստեղծված իրավիճակին, ինչպես նաև Եվրոպայի և ԱՄՆ-ի հարաբերությունների ապագային:
Պարբերականի տվյալներով՝ եվրոպացի առաջնորդները Բրյուսելում ընթրիքի ժամանակ քննարկել են ԱՄՆ նախագահի դավոսյան հայտարարությունների հնարավոր հետևանքները:
Համաձայնեցված մոտեցումը, ինչպես պնդում են աղբյուրները, ենթադրում է զուսպ արձագանք Թրամփի ապագա սադրիչ հայտարարություններին, պատասխան տուրքեր սահմանելու պատրաստակամություն, ինչպես նաև փակ ձևաչափով աշխատանք ԱՄՆ–ից Եվրոպայի ռազմական և տնտեսական կախվածությունը նվազեցնելու ուղղությամբ։
Հիշեցնենք` Թրամփը, ելույթ ունենալով Դավոսի համաժողովում, հայտարարել էր, որ Եվրոպան սխալ ուղղությամբ է շարժվում, և ընդգծել էր, որ ԱՄՆ է համաշխարհային տնտեսության գլխավոր շարժիչը: